Բոլորն էլ լսել են «Համլետի»` շեքսպիրյան հայտնի ողբերգության մասին, նույնիսկ եթե չեն կարդացել: Իսկ որևէ մեկը գիտի՞ Թոմաս Քիդի պիեսի` «Իսպանական ողբերգության» մասին:
Իրականում, Թոմաս Քիդն առաջինն էր, որ նմանատիպ սյուժեով պիես գրեց: Սակայն կրկնօրինակը հաճախ բնօրինակից հայտնի է դառնում:
Իհարկե, Շեքսպիրի անվան շուրջ բազմաթիվ կարծիքներ են պտտվում. արդյոք նա՞ է այն Շեքսպիրը, ով գրել է բոլոր 38 պիեսները, թե՞ այնուամենայնիվ, դրանք տարբեր հեղինակների ստեղծագործություններ են: Դա մեզ հայտնի չէ: Բայց այժմ կխոսենք բոլորի կողմից մոռացված Թոմաս Քիդի ու նրա «Իսպանական ողբերգության» մասին: Ըստ սյուժեի` այն բոլորովին էլ «Համլետը» չէ, սակայն օգտագործված են նույն միջոցները. «մատրյոշկայի» սկզբունքը` թատրոնը` թատրոնի մեջ, ուրվականը, որը հերոսին դրդում է վրեժխնդիր լինել: Գլխավոր հերոսը վրեժ է լուծում որդու մահվան համար: Պիեսում ներկայացվող արյունոտ տեսարանների համար այն անվանել են «վրիժառության ողբերգություն»:
Թոմաս Քիդին է վերագրվում նաև մեկ այլ պիես` նախա-«Համլետ»` գրված 1598 թվականին: Մինչև Շեքսպիրի պիեսը (Շեքսպիրը «Համլետը» գրել է 1600-ականներին), թատրոններում արդեն բեմադրվում էր «Համլետ» ներկայացումը: Այդ մասին նույնիսկ նշումներ կան Թոմաս Նեշի օրագրում:
Թոմաս Լոջը իր «Մտքի դժբախտություններ» էսսեում գրել է ինչ-որ «գունատ ուրվականի» մասին, որը թատրոնում բղավում է` «Համլետ, վրեժխնդիր եղիր»: Ըստ հետազոտողների, սյուժեն հայտնի էր այն ժամանակվա մտավորականությանը` մինչև շեքսպիրյան «Համլետը»: Ափսոս, որ սկզբնական տարբերակը չի պահպանվել:
Սակայն սարսափելի ոչինչ չկա. Շեքսպիրը «Համլետի» համար վերցրել էր արդեն գոյություն ունեցող սյուժե. հակառակ դեպքում մենք կզրկվեինք դրամատուրգիայի այդպիսի կարևոր «հուշարձանից»: