«Սիրո 5 լեզուները» գիրք-խորհրդատուն իդեալական «սեղանի գիրք» է

Ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը գրված է հոգատարությամբ ու մատուցված՝ հումորով:


Այն իսկական ուղեցույց է բոլորի համար: Իր չպարտադրող ոճով ու թեթևությամբ գիրքն օգնում է ավելի լավ հասկանալ դիմացինին ու նրա սիրո լեզուն: Գրքի հեղինակը խոստովանում է, որ եթե գրքում իր գրած խորհուրդներն իմանար նախքան ամուսնանալը, կյանքը կհեշտանար: Հարցազրույցների ժամանակ նա պատմել է, որ ինքն ու կինը շատ են պայքարել` իրենց ամուսնությունը փրկելու համար: Գիրքը գրելով Գերի Չեփմենը մարդկանց օգնել է պատրաստ լինել ամուսնությանն ու առհասարակ հարաբերություններին: Գիրքն օգնում է նվազեցնել կոնֆլիկտները, որոնց միջով անցնում է ցանկացած ամուսնական զույգ:

Գրքի լեզուն պարզ է ու հստակ. գաղափարախոսությունը մեկն է` սիրելիի հետ խոսել սիրո ի՛ր լեզվով: Այստեղ իրական պատմություններ են, իրական մարդիկ ու իրական խնդիրներ, որոնք լուծելու համար հատուկ ջանքեր հարկավոր չեն: Պետք է պարզապես գտնել ճիշտ բանաձևը: Ըստ հեղինակի` մարդիկ սիրում են իրար, ամուսնանում, հոգ տանում միմյանց մասին. ամեն ինչ հրաշալի է: Եվ նրանց թվում է, թե դա ամբողջ կյանքի համար է: Բայց հաճախ ինչ-որ բան սխալ է գնում: Վեճերն ու խնդիրներն անխուսափելի են նույնիսկ երբ ամուսինները սիրում են միմյանց: Գրքում խորհուրդներ են, որոնք կօգնեն ճիշտ քայլեր անել այդպիսի ճգնաժամերի դեպքում:

Ի՞նչ են ձեզնից պահանջում կամ ի՞նչ եք դուք պահանջում դիմացինից` ավելի ամուր հարաբերություններ հաստատելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գրքում են: «Սիրո 5 լեզուները» գիրք-խորհրդատուն իդեալական «սեղանի գիրք» է, որը պարբերաբար վերընթերցելը ոչ թե ժամանակի կորուստ է, այլ ինքնակրթություն:

Անի Սողոյան

Երկու Սթիվենների անհայտ պատմությունը. Քինգը և Սփիլբերգը

November 13, 2019

Ի՞նչ է Ստենդալի համախտանիշը

November 13, 2019