Սթեն Լիի վերջին գիրքը կհրատարակվի սեպտեմբերին

Marvel-ի ստեղծողը` Սթեն Լին, մահացավ անցած տարվա նոյեմբերին: Նրա մահից հետո պարզվեց, որ նա աշխատել է մի նախագծի վրա, որը հետմահու կներկայացվի գրքի տեսքով:


«Լույսի խաբկանք» գիրքն առաջինն է, որը կենտրոնացված է չափահասների վրա: Գիրքը գերունակություններով երկու դեռահասի մասին է: Նրանց առջև խնդիր է դրված. մարդկությունը փրկել կործանումից:
Houghton Mifflin Harcourt-ի հրատարակիչն ասում է, որ գիրքը լի է անակնկալներով ու գլխապտույտ արկածներով: Այն կոշտ կազմով լույս կտեսնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ին: Իսկ աուդիո տարբերակը կարելի է լսել հենց հիմա: Հրատարակիչն ասում է` Սթեն Լին գրքի վրա աշխատել է տարիներով: Իսկ նրա աղջիկը` Ջոան Սելիան պատմել է լրատվամիջոցներին, որ ինքն ու հայրը միասին կերպար են հորինել` Dirt man անունով, սակայն այդ կերպարն ամբողջովին պատրաստ չէ: Ենթադրվում է, որ Ջոանն աշխատանքն ավարտին կհասցնի միայնակ:
Հիշեցնենք, որ հենց Սթեն Լին մտածեց ու նկարեց Սարդ-մարդուն, Հալկին, Ֆանտաստիկ քառյակին, Երկաթե մարդուն և էլի բազմաթիվ հայտնի ու սիրված հերոսների: Նա սիրում էր Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմեր և կարդում էր Սթիվեն Քինգի, Գերբերտ Ուելսի ու Մարկ Տվենի արձակը:
«Մեծ ուժի հետ գալիս է նաև մեծ պատասխանատվություն». Սթեն Լիին է պատկանում Փիթեր Փարքերի այս արտահայտությունը:
Նա անհավանական կենսուրախ ու էներգիայով լի մարդ էր, որն աշխատեց մինչև վերջին օրը.

«Ես թոշակի անցնելու իմաստ չեմ տեսնում, եթե ամեն ինչ այսքան զվարճալի է».-ասել է Սթեն Լին 

Սթեն Լին մահացավ 95 տարեկանում, Լոս Անջելեսում:
Անի Սողոյան 

Որտեղից է վերցված «Փոքրիկ Իշխանը»

July 2, 2019

Չեխովների դևերը

July 2, 2019