«Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի թարգմանիչներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը և խմբագիր Գնել Նալբանդյանը պատմում են թարգմանական դժվարությունների, վեճերի ու հայհոյանքը թարգմանելու երկընտրանքի մասին:
newmag-ի առաջին և արդեն բեսթսելլեր դարձած գրքի թարգմանությունը, չնայած միջին ծավալին, տևել է ավելի քան 5 ամիս։ «Ինչո՞ւ այդքան երկար» հարցին գրքի թարգմանիչներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը և խմբագիր Գնել Նալբանդյանը պատասխանում են՝ փորձել են հնարավորինս պահպանել առաջին հերթին գրքի ոգին։
«Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակ Մարկ Մենսոնը գործածել է սլենգային մեծ շերտ, որն ամերիկյան խոսակցական լեզվում շատ տարածված է, սակայն հայ ընթերցողի համար դժվարընկալելի։ Պետք էր ամերիկյան սլենգը հարմարեցնել հայերեն խոսակցական լեզվին: Գնել Նալբանդյանի խոսքով. «Օրինակ՝ որոշ դարձվածների հայերեն համարժեքը գտնելը շատ դժվար էր, գրեթե անհնար, այդ պատճառով գործածվել են իմաստով մոտ դարձվածներ կամ կիրառվել են նկարագրական հնարքներ»:
Չնայած թարգմանական-խմբագրական խումբը երկընտրանքների մեջ շատ է եղել, բայց բնօրինակի և թարգմանության միջև տարբերությունը չնչին Է։ Մարկ Մենսոնը գործածել է գռեհկաբանական բառաշերտ, որն ամերիկացի ընթերցողի համար սովորական երևույթ է գուցե, բայց հայ ընթերցողին կարող է շոկի մեջ գցել: Նարեկ Մարգարյանի պատմելով. «Անհամաձայնությունները հիմնականում ոճաբանությանն ու ժարգոնի թույլատրելի աստճանին էին վերաբերում։ Օրինակ, գրքի վերնագիրը կարելի էր շատ ավելի վուլգար թարգմանել։ Միշտ շարժվել ենք ոճն ու իմաստային բովանդակությունը պահպանելու սկզբունքով»։
newmag-ի խմբագրակազմը ներկայացնում է գրքի վերնագրի աշխատանքային տարբերակները։
- Փաթթած ունենալու նուրբ արվեստը – Այս տարբերակին դեմ էր Գնելը։ Պնդում էր, որ աղավաղում է գրքի հիմնական ուղերձը։
- Չդնելու նուրբ արվեստը – Սա գուցե ամենամոտն է, բայց սեքսիստական է։ Այս բառակապապցությունն օգտագործում են հիմնականում տղամարդիկ, մինչդեռ գրքի կենսափիլիսփայությունը երկու սեռերին է ուղղված։ Հետևաբար՝ մերժվեց։
- 4-րդ և 5-րդ տարբերակները պարունակում են հայհոյանքին մոտ ձևակերպումներ, որոնք Գնելը մերժեց միանգամից։
- Թքած ունենալու նուրբ արվեստը – Ավելի բարեկիրթ և փոխզիջումային։ Հետևաբար, ընտրվեց։
Բացի գրքի վերնագրից, հեղինակն ինքն է պարբերաբար գործածել հայհոյախոսություն։ Թարգմանե՞լ, թե՞ անտեսել դրանք։ Որոշվեց ընտրել միջին տարբերակը․ երբեմն՝ մեղմել՝ որքան հնարավոր է, երբեմն փոխարինել ոչ այնքան ականջ ծակող համարժեքով։
«Երբեմն՝ պարզապես հրաժարվել հայհոյանքից, եթե ընդհանուր ոճը պահպանվում է»,- նկատում է Գնել Նալբանդյանը։
Հեղինակը նաև գործածում է հնախոսակցական բառեր և արտահայտություններ, կամ ընկնում է բարձրաշխարհիկ ոճի հետևից, երբեմն էլ կիրառում է խիստ գիտական բառաֆոնդ։ Աշխատել են ամբողջ պալիտրան պահպանել։ Գնել Նալբանդյան. «Հավանաբար ընթերցողին ցույց տալու համար, որ կարող է նաև շատ խրթին շարադրանքով ծանրաբեռնել նրա միտքը, բայց դա չի անում՝ պրոֆեսիոնալ բլոգերի մասնագիտական հումանիզմից դրդված»։
Գիրքը 9 գլխից է բաղկացած։ Կան շատ հեշտ, մեկ շնչով կարդացվող հատվածներ, բայց կան նաև բարդ ու դառը հարցերի շուրջ մտորումներ, փիլիսոփայական աշխատանքների վերլուծություններ։ Թարգմանիչ Նարեկ Մարգարյան.«Օրինակ՝ ինչպես վերաբերվել մահին։ Գրքի ամենածանր ընթերցվող, բայց և ամենահետաքրքիր հատվածներից է։ Կան հատվածներ, որտեղ բարձրաձայն ծիծաղում ես ու արագ անցնում առաջ»։
Ոճային խրթնաբանությունները կամ ակնարկային արխայիզմները հիմնակամում պահպանվել են: Հեղինակի խոսքում միշտ զգացվում է զուտ ամերիկյան հումորը։ Թարգմանական-խմբագրական խումբը փորձել է պահպանել՝ յուրաքանչյուր ֆրազի թարգմանական տարբերակների համար ծավալելով թեժ քննարկումներ։
Սերգեյ Սարգսյանը կատակում է. «Անհամաձայնություններ կային նրա շուրջ, որ ես կարծում էի՝ ես ճիշտ եմ, իսկ բոլորը սխալ։ Ու դա չի փոխվել»։