Որոշել եք գի՞րք գրել: Guardian-ն առաջարկում է հետևել դասականների խորհուրդներին. Տոլստոյը, Հեմինգուեյն ու մյուս հայտնի գրողները ներկայացնում են սեփական փորձը:
1. Հիլարի Մանթել – Մի քիչ էգոիզմը չէր խանգարի
«Գրողի ամենակարևոր հատկանիշներից մեկն ինքնավստահությունն է, կամ էգոիզմը. ինչպես կուզեք: Գիրք գրելով աշխարհին ստիպում ես զգալ քո ներկայությունը, կոպիտ ասած` պարտադրում ես քեզ: Երբ աշխարհը քեզ չի ընդունում կամ չի համաձայնում քեզ հետ, ավելին` ուշադրություն չի դարձնում, գործի է դրվում գրողի ամենահզոր հատկանիշը»: |
2. Լև Տոլստոյ – Կարևորը հարմար ժամ գտնելն է
Տոլստոյը սիրում էր ամեն ինչ առավոտյան անել. «Ես միշտ առավոտներն եմ գրում: Ժան Ժակ Ռուսոն առավոտյան շուտ էր արթնանում և զբոսնում էր: Միայն զբոսանքից հետո էր սկսում աշխատել: Առավոտներն ուղեղը թարմ է լինում: Ամենալավ մտքերն առավոտյան են ծագում, կապ չունի` զբոսնելիս, անկողնում պառկած, թե արթնանալու ժամանակ»: Գրելու համար պետք է շատ շուտ արթնանալ, կամ սպասել մինչև ուշ գիշեր` ինչպես Լովքրաֆթը. «Ձանձրացող աշխարհը գիշերն քուն է մտնում, ու արթնանում են երազկոտները: Սկսվում է կախարդական ու հեքիաթային գիշերը, երբ մուսաները թևեր են առնում ու գալիս են: Ոչ ոք չի կարող ասել, որ գրող է, քանի դեռ չի փորձել գիշերը գրել» |
3. Վիլյամ Ֆոլքներ – Գրելու համար նախ կարդալ է պետք
«Պետք է կարդալ, կարդալ, կարդալ ամեն, ամեն, ամեն ինչ` սկսած ամենավատ գրքից մինչև ամենալավը, հիմարությունից մինչև` գլուխգործոց: Պետք է այնքան կարդաս, որ կլանվես գրքով, դառնաս դրա մի մասը: Միայն դրանից հետո է հնարավոր գիրք գրել: Եթե լավ ստացվի` միանգամից կզգաք, եթե ոչ` առանց մտածելու պատռեք ու նետեք պատուհանից դուրս»: |
4. Քեթրին Մենսֆիլդ – Գրելը չգրելուց լավ է
«Ինչքան ինձ հիշում եմ` գրում էի: Համաձայն եմ, որ հիմարություն էր, բայց լավ է հիմարություններ գրել, քան ոչինչ, բացարձակապես ոչինչ չգրել»: |
5. Էռնեստ Հեմինգուեյ – Երբ ամեն ինչ ստացվում է, դադար տվեք
«Կա՛նգ առեք, երբ զգում եք, որ գրելը լավ է ստացվում: Դադար տվեք: Շարունակեք գրել հաջորդ օրը: Այսպես ձեր գիտակցությունն ինքնըստինքյան կկենտրոնանա լավ գրելու վրա: Եթե սկսեք մտածել, որ հանճարեղ գրող եք դարձել, ձեր մեջ կսպանեք մոտիվացիան, էլ չասած` «հանճարեղ գրողին»: |