Գրող Մարի Կոնդոն իր գրքերում միշտ խորհուրդ է տալիս դեն նետել անպետք իրերն ու թողնել միայն այն, ինչ ուրախություն է բերում իրերի տիրոջը:
Հունվարի մեկին Netflix-ով ցուցադրվեց շոու` Մարի Կոնդոյի մասնակցությամբ: Հաղորդման անունը` «Մաքրում ենք Մարի Կոնդոյի հետ»: Հեռուստաշոուի հաղորդավարն օգնում է հյուրերին ճիշտ կառավարել իրենց անձնական տարածքը: Թողարկումներից մեկի ժամանակ Կոնդոն խորհուրդ է տալիս դեն նետել գրքերն ու թողնել միայն 30 ամենակարևորները: Նրա կարծիքով` գրքերն ուրախություն են բերում միայն այն ժամանակ, երբ պարունակում են նոր ինֆորմացիա: Եթե գիրքն արդեն ընթերցված է, ապա այն պարզապես իր է, որը տեղ է զբաղեցնում գրապահարանում:
Նրա խորհուրդները շատերին դուր չեն եկել, թեև նրա խորհուրդն ամենևին էլ բոլոր գրքերը դեն նետելը չէր: Աղմուկ բարձրացրած խորհրդից հետո գրքասերները սկսեցին համացանցում տեղադրել իրենց գրքերի լուսանկարներն ու ծիծաղել Կոնդոյի «անտրամաբանական» խորհրդի վրա:
Դրանցից են, օրինակ.
1. «Հեյ, ես դիտել եմ «Մաքրում ենք Մարի Կոնդոյի հետ», կարծում եմ` իմ տան մաքրությունը հաջողվել է: Ծիծաղում եմ»:
2. «Մարի Կոնդոն պնդում է, որ ձեր տանը պետք է լինեն առավելագույնը 30 գիրք: Ծիծաղելի է»:
3. «Բարևներ եմ ուղարկում Մարի Կոնդոյին և Անականե Շոֆիլդին: Ահա և իմ սիրելի ընկերները. ընդ որում դրանցից մի քանիսն ինձ հետ են դեռևս մանկուց: Երբ հարցը գրքերին է վերաբերում, ապա դրանք որքան շատ լինեն, այնքան լավ»:
Այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին համաձայնվել Մարի Կոնդոյի հետ, պնդելով, որ նա չի առաջարկում խարույկի մեջ այրել բոլոր կարդացած գրքերը:
Անի Սողոյան