Էլենա Ֆերանտե կեղծանվամբ ներկայացող իտալացի գրողը չունի լուսանկարներ և հարցազրույցներ է տալիս միայն փոստով: Նույնիսկ նրա խմբագիրն ու հրատարակիչը չեն տեսել ու չեն ճանաչում հեղինակին: Guardian-ը ներկայացնում է անոնիմ հեղինակի մոնոլոգը.
Գրողի համար կարևոր է ընթերցողին ու իր սկզբունքներին հավատարիմ մնալը: Խոսում եմ այն ամենի մասին, ինչը շատերը նախընտրում են լռել: Չկա այնպիսի թեմա, որի մասին չեմ գրել: Վերջերս բացահայտեցի, որ գրում հենց այն մտքերն ու թեմաները, որոնց մասին միանգամից հրաժարվում եմ գրել: Մարդիկ ասում են, որ պետք է զուսպ լինեմ ու չգրեմ ամեն պատահած թեմայով: Համաձայն եմ: Ես սիրում եմ գրել պատմվածքներ, որոնց հիմքում զսպվածությունն է, ստեղծել գրականություն, որն առաջարկելու բան ունի:
Զսպվածությունը լավ է, երբ ընթերցողդ 5 մատի պես գիտի այն, ինչի մասին լռում ես: Մի հին բանաձև կա` մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը: Իսկական գրողը նա է, ով ավելի շատ գրում է, քան խոսում: Բայց սիրում եմ փորփրել սովորական թվացող պատմություններն ու երևույթները: Կարող եք ասել` ծեծված թեմա է, ես չեմ ձգտում որևէ նորության մասին գրել: Ինձ հետաքրքրում են առօրեական պատմությունները կամ այն, ինչն առաջինն է գալիս ձեր մտքին, երբ ասում եք` սովորական: Զսպվածությունը դառնում է սխալ, երբ փորձում ես զսպել սովորականը` արտասովորը գտնելու համար: Այն, ինչը հնարավոր չէ ասել, պետք է ասել` «որքան հնարավոր է»-ի սահմանում:
Գիտեմ, հիմա կմտածեք, թե գրում եմ մարդկանց բարկացնելու համար, բայց մի՛ շտապեք: Ես սիրում եմ իմ ստեղծագործությունները, սիրում եմ իմ բոլոր հերոսներին և անկեղծորեն տխրում եմ, երբ լսում եմ նման բաներ. «Վե՛րջ տվեք: Դուք դիտմամբ շարունակում եք: Ավելի խորն եք փորփրում: Հերի՜ք է»: Սա իմ ընթերցողի կարծիքն է: Նա ինձ ասում է, որ պատմվածքիս հերոսը պետք է բարի լինի, չպետք է կոպիտ ու տհաճ բաներ անի:
Մի անգամ այդպես էլ չտպագրվեց իմ մի գիրքը, որը թարգմանվել էր և պատրաստ էր տպարան մտնելուն: Դե կռահեք: Ասացին, որ այն կարող է վատ ազդեցություն ունենալ մայրերի վրա: Մենք երբեք չենք կարող ասել, թե պատմվածքն ինչ ազդեցություն կարող է թողնել: Եթե մենք` գրողներս, սխալվում ենք, ընթերցողն իրավունք ունի պատժել մեզ` պարզապես չկարդալով մեր գրքերը: