Հարուկի Մուրակամի. երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ

Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպը`սիրո և մենության, պատերազմի ու արվեստի մասին: Մուրակամիի «Killing Commendatore» վեպը առեղծվածային, ռոմանտիկ սիրո և տրանսցենդենտալ արվեստի մասին է:


Մուրակամիի ստեղծագործությունները թարգմանվել են 50 լեզուներով: Վեպեր գրելուց բացի, Մուրակամին նաև պատմվածքներ ու ոչ գեղարվեստական ստեղծագործություններ է գրում և անգլերենից՝ ճապոներեն թարգմանություններ անում: 69-ամյա գրողը զրուցել է իր Սառա Լյալի հետ, խոսել առեղծվածների, արդուկել սիրելու մասին: Մուրակամին խոստովանել է, թե բնության հետ կապն ու կանոնավոր գրելն ինչպես են իրեն օգնել ազատվել տարօրինակ երևակայությունից:  

– Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Չգիտեմ: Մտքիս խորը անդունդից եմ հանել այդ գաղափարը: Պատահաբար: Նստեցի ու որոշեցի, որ պետք է առաջին երկու գլուխները գրեմ: Չգիտեի, թե ինչ կլիներ հետո: Դրեցի գրասեղանիս դարակում և սկսեցի սպասել:

-Իսկ գրքի շարունակությո՞ւնը:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Սպասեցի այնքան, մինչև մի օր հասկացա, որ կարող եմ գրել: Ու գրեցի: Պետք է սպասես հարմար պահի, ու այն կգա: Պետք է վստահ լինես, որ գտնելու ես այդ գաղափարը: Իմ մեջ կա այդ վստահությունը, որովհետև արդեն 40 տարի կլինի գրում եմ. գիտեմ ինչպես հասնել դրան: 

– Բա՞րդ է գրելը:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Երբ չեմ գրում, սկսում եմ թարգմանություններ անել. հարմար գործ է, երբ սպասման մեջ ես: Այդ ժամանակ գնում եմ վազելու, երաժշտություն եմ լսում կամ տան գործերն եմ անում՝ օրինակ` արդուկ. շատ էլ հաճելի զբաղմունք է:

– Ձեր ստեղծագործությունների մասին ռեվյուները կարդո՞ւմ եք:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Ռեվյուներ ընդհանրապես չեմ կարդում: Շատ գրողներ են սա ասում, բայց հավատացեք` ստում են: Իսկ ես չեմ ստում: Իմ կինն է ռեվյուներ կարդում՝ ի դեպ բոլորը: Հատկապես բացասական ռեվյուները բարձրաձայն է կարդում, որ լսեմ: Ասում է՝ պետք է ընդունեմ բացասական կարծիքները, իսկ դրականները` մոռանամ:

– Ձեր գրքերում շատ են սյուրռեալիզմն ու ֆանտաստիկան: Ձեր կյանքն է՞լ է այդպիսին:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Ես ռեալիստ եմ՝ պրակտիկ մարդ, բայց երբ հերթը հասնում է գրականությանը, մտնում եմ կյանքիս ամենատարօրինակ ու գաղտնի վայրերը: Եթե աչքերդ փակես ու փորձես սուզվել ներաշխարհիդ մեջ, կբացահայտես միանգամայն այլ աշխարհ: Նույնն է ինչ տիեզերքն ուսումնասիրես, պարզապես քո մեջ: Գնում ես անծանոթ, սարսափազդու ու վտանգավորև մի վայր, և կարևորը հետ գալու ճանապարհը գտնելն է:

-Կարծում եմ ավելորդ կլինի հարցնել ձեր ստեղծագործությունների ենթաիմաստների մասին:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Մարդիկ միշտ հարցնում են՝ ինչ նկատի ունեք, ինչ էր սա նշանակում, բայց ես ախր չեմ կարող բացատրել: Եվ աշխարհի, և իմ մասին փոխաբերություններով եմ խոսում, իսկ դրանք բացատրելն ու վերլուծելն անհնար է:

– Ասել էիք, որ Ձեր «Killing Commendatore»-ը գրել եք ի պատիվ «Մեծն Գեթսբիի»՝ վեպ, որը պարզվում է 10 տարի առաջ անգլերենից թարգմանել եք ճապոներեն: «Գեթսբի»-ն ողբերգական պատմություն է՝ ամերիկյան երազանքի սահմանափակումների մասին: Ինչպե՞ս այն ազդեց Ձեր նոր գրքի վրա:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – «Մեծն Գեթսբի»-ն իմ ամենասիրելի գիրքն է: Կարդացել եմ, երբ 17 կամ 18 տարեկան դպրոցական էի: Տպավորված էի այդ գործով, որովհետև երազանքների մասին է և թե ինչ են անում մարդիկ, երբ երազանքները փշրվում են: Ինձ համար սա կարևոր թեմա է: Նկատի չունեմ հենց և միայն ամերիկյան երազանքը, այլ երազանքն առհասարակ, ավելի շատ երիտասարդ մարդու երազանքը:

-Ինչի՞ մասին եք երազում:

Հ. ՄՈՒՐԱԿԱՄԻ – Ես չեմ երազում, բայց ամիսը մեկ, երկու անգամ պատահում է, որ անրջեմ: Բայց չեմ մտապահում: Ես երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ:

Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը

October 22, 2018

Արմեն Հայաստանցի. կյանքը հնարավոր է առանց բառերի, բայց ոչ գրականությունը

October 22, 2018