Ես Հայրենիք փորձեցի գտնել․ Լիաննա Առաքելյան

Ես Հայրենիք փորձեցի գտնել ու չգիտեմ՝ գտա, թե՞ չէ։ Փորձեցի Հայրենիք գտնել Բայազետի փողոցներում, մզկիթ դարձած եկեղեցիներում, Վանում ու Անիում, Արաքսի ափին, Արարատի գագաթին։ Ու իմ փնտրածին ի պատասխան այլ երաժշտություն լսեցի, ուրիշ գույներ տեսա, օտար մարդկանց գտա կամ գուցե՝ ուղղակի անցա նրանց կողքով։ Ինձ օտար զգացի։ Ժամանակավոր։ Անցորդ։ 


Ինձ պատմել են, որ իմ ապուպապերը Կարսից են եղել… 

Ավտոբուսը մեզ իջեցնում է ինչ-որ տեղանքում, ասում են՝ մեզ շրջապատող քաղաքի անունը Կարս է։ Թվում է՝ իմ կապերը պետք է իրենց զգացնել տան, ես պետք է մտովի սկսեմ փնտրել Կարսում պահպանված հին տները, ոտքերս ինձ պետք է լուռ ուղեկցեն ինչ-որ փողոցներ, որոնք իրենց մեջ հարյուրամյակների ցավ ու կսկիծ են պարունակում։ Բայց պարզվում է այդ տեղանքի հետ իմ կապերը պարզապես մշուշվել են ժամանակների, չպատմված պատմությունների, չգրված տողերի ու չարտաբերված ցավերի մեջ։ Ես ոչինչ չգիտեմ ու չիմացությունս դառնում է իմ զրահաբաճկոնը թե՛ կիսաքանդ բերդի, թե՛ մզկիթ դարձած եկեղեցու ու թե՛ այլ գույնի դրոշով «զարդարված» քաղաքին հանգիստ ու անվրդով նայելու համար: 

Ինքս ինձ բռնացնում եմ՝ մտքերս Արարատի հետ են, շուրջս չեմ կարող նայել, երբ հեռվում արդեն որքա՜ն ժամանակ է Արարատը մեզ է սպասում: Իսկ մենք՝ կանգառը կանգառի հետևից մտնում ենք քաղաքներ, որոնք չգիտեմ էլ՝ մեր մասին գիտեին, թե ոչ, ու հետաձգում ենք մեր հանդիպումը Արարատի հետ:

Ինձ Կարսի հետ կապող  միայն մի կամուրջ կար ու ամեն մահացող պատմության հետ այդ կամուրջից մի քար էր ընկնում՝ խարխլելով դրա հիմքերը։ Այնքան, որ հիմա կամուրջից ոչինչ էլ չի մնացել։ Ես փորձում եմ Կարսի փողոցներում քայլելով  մտովի վերականգնել այդ քաղաքի հետ ինձ կամրջող կապերը, որոնք կորսվել են ժամանակների մեջ, թաղվել գերեզմանափոսերում, լուռ պատմվող արցունքներում ու հիշողություններում։ Եվ կռանում եմ, արձակում եմ կոշիկիս կապիչները ու ոտաբոբիկ մտնում եմ մի «շենք, որն ավելի վաղ օգտագործվել է որպես եկեղեցի, իսկ 1918 թվականից ի վեր վերածվել է մզկիթի»:

Ու շարունակում եմ քայլել Կարսով, բայց իրականում մնացել եմ կանգնած կամուրջի մյուս կողմում. փլված կամուրջից դեպի Կարս անցնել չեմ կարողացել՝ ո՛չ մտքերով, ո՛չ հիշողություններով, ո՛չ էլ պապերիս պատմություններով, որոնք այդպես էլ ձայնային կենդանություն չեն ստացել:

Ծովի մակարդակից 4200 մետր բարձրության վրա ենք: Թվում է՝ ևս մի քանի րոպե ու արդեն կսկսենք վերելքը, մի փոքր էլ ու կհայտնվենք Արարատի գագաթին: Հասկանում ես, որ յուրաքանչյուրը հիմա՝ 4200-ում, ինչ-որ միտք ունի գլխում, յուրաքանչյուրը՝ մի պատմություն, որն իրեն հասցրել է այս բարձրության վրա, մի պատճառ, որն իրեն մինչև վերջ պետք է ստիպի քայլել: 

Թվում է՝ ևս մի քանի րոպե, բայց դեռ ժամեր կան…: Վերջին անգամ ժամին նայելուց հետո պիտի որ հիսուն րոպե անցած լինի, ձեռքդ նորից հանում ես տաք քնապարկի միջից ու մթության մեջ գտնում հեռախոսդ՝ ընդամենը մեկ րոպե է անցել: Հետ ես քաշում ձեռքդ ներս՝  գոնե հիմա ստացվի քնելն ու արթնանալը միայն այն ժամանակ երբ զարթուցիչի ձայնը լսես: ՈՒ այդ մթությունն անտանելի է դառնում, բոլոր քնած մարդիկ՝ ատելի, ժամանակը՝ առաջ չընթացող, քնապարկը՝ փոքր ու անհարմար, եղանակը՝ ցուրտ ու մինչև ոսկորները սարսռեցնող, իսկ Արարատը՝ անվերջ քեզ կանչող…:

Վերջապես բոլորը դուրս են գալիս քնապարկերից, – կյանքիս ամենաերկար ժամերն էին, ասում եմ ու ստանում բոլորի լուռ համաձայնությունը:  

…եթե ես օտարերկրացի լինեի Արարատի գագաթին հավանաբար չէի հասկանա անծանոթների այսչափ ոգևորվածությունը. ինչո՞ւ են մարդիկ ուշաթափ լինում ու միևնույն է՝ շարունակում իրենց վերելքը, ինչո՞ւ են արտասվում գագաթ հասնելիս, ինչո՞ւ են քարեր ընտրում գետնից, ինչո՞ւ են այսքան շատ այս դրոշները ծածանվում Արարատի գագաթին, ինչո՞ւ են սկսում խմել, անվերջ ծիծաղել, երգել, գրկել միմյանց ու շնորհավորել: Ինչի՞ց է գալիս այդ անսպառ էներգիան, այդ ոգևորությունը, այդ ուրախությունը, ներքին հրճվանքը, զորությունն ու հպարտությունը: Ի՞նչ անուն են նրանք տալիս այդ ամենին: 

Վանա լճով նավն անցնում ու քեզ հասցնում է Աղթամար կղզու մոտ։ Ու եթե անգամ քրիստոնյա չես, խաչը, որ տեսնում ես եկեղեցու գագաթին ու կարմիր դրոշը նրանից մի քանի մետր հեռավորության վրա, քեզ համր են դարձնում: Փորձում ես բոլոր հնարավոր, եղած ու չեղած բառարանների միջից հարմար բառեր գտնել՝ չես կարողանում։ Վանա լճում՝ ծովի մակարդակին հավասար, սրտի նույն կծկումն ես զգում ինչ վերևում՝ Արարատի գագաթին՝ ծովից 5165 մետր բարձրության վրա։ Թվում է՝ հիմա կկանգնեցնես նավը, մի կողմ կդնես ձեռնափայտերդ, կշնչես, կարտաշնչես, ճնշումդ կկարգավորվի ու կշարունակես վերելքդ։ Բայց պարզվում է այս հնարքը գործում է միայն Արարատը բարձրանալիս։ Իսկ նավը շարունակում է մոտենալ Աղթամարին, ու սիրտդ էլ իր հերթին շարունակում է կծկվել՝ մի պահ կանգ առնես՝ կանցնի․․․, բայց նավը շարունակում է քեզ ավելի ու ավելի մոտեցնել Աղթամարին։ 

Ու դու լուռ շարունակում ես նայել այդ երկրին՝ անցորդի աչքերով։ Թե խնդիրն աչքերդ լինեին, կուզենայիր փոխել ու անցորդիդ դերը մեկ ուրիշով փոխարինել։ Բայց այդ երկիրը՝ երկիրը, որին նույնիսկ չգիտես ինչ անուն տալ, շարունակում է կանգնել այնտեղ, իսկ դու հավաքում ես ճամպրուկներդ, բոլոր անցորդների պես՝ պատրաստում ես անձնագիրդ, որովհետև դեռ որքա՜ն անցակետեր պետք է անցնես քո երկրից քո երկիր գնալու համար․․․․

Ես Հայրենիք փորձեցի գտնել․․․

Իսկ հետո, կամ հենց այդ փնտրտուքների ընթացքում գտա մարդկանց, ովքեր օգնում էին իրար Արարատը բարձրանալիս, միմյանց ուժ տալիս, իրար ժպտում՝ հարազատի պես, իրար օգնում՝ նույն ջերմությամբ ու ժպիտով։ Ու այդ նույն մարդիկ դարձան իմ Հայրենիքը չնայած նրան, որ մի քանի ժամից/օրից մեզ կբաժանեն հեռավորությունները, հայտնի ու անհայտ երկրների սահմանները։ Իմ Հայրենիքները կսփռվեն ուրիշ երկրներում, ուրիշ ժամանակային գոտիներ կունենան, ուրիշ մարդկանց կժպտան իրենց աչքերն ու ուրիշի կօգնեն, բայց հարազատ կմնան։

Ես Հայրենիք փորձեցի գտնել ու գտա մարդկանց՝ ամեն մեկը մի Հայրենիք․․․

 

Ինչպե՞ս խենթ, ծեր սպասուհին դարձավ փայլուն բանաստեղծուհի

October 4, 2019

Ուիլիամ Ֆոլքներ. անհաջող «սիրավեպ» Հոլիվուդի հետ

October 4, 2019