Էդիթ Պրինտը հրատարակել է Շերլոք Հոլմսի ամբողջական հավաքածուն

Առաջին անգամ անգլերենից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլորս տեղծագործությունները:


Գրքերը ընթերցողին են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները, թարգմանությունները կատարել են Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

«Այս տարվա մայիսին մենք հայտարարել էինք երիտասարդ թարգմանիչների մրցույթ, որպեսզի նաև նրանց հնարավորություն ընձեռենք իրենց տեղը գտնել աշխատաշուկայում, ինչպես նաև ունենալ նոր և թարմ կադրեր»,- ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյան,- «Ստացել էինք հիսուն հայտ. ընտրվել էր վեց թարգմանիչ: Մտածում էինք ի՞նչ գործ թարգմանել և կանգ առանք Շերլոք Հոլմսի վրա: Մենք բացահայտեցինք, որ Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունները երբեք ամբողջությամբ հայերեն չեն թարգմանվել, մի քանի պատմվածք խորհրդային տարիներին միջնորդ լեզվի՝ ռուսերենի օգնությամբ թարգմանվել է հայերեն, սակայն բնագրային թարգմանություն երբևէ չի եղել»:

Նրա խոսքով՝ վեց թարգմանիչները թարգմանական աշխատանքներն սկսել են այս տարվա հունիսին, անցել են վարպետության դասեր, խորհրդակցել են հրատարակչության խմբագիրների հետ: Ռոզա Գրիգորյանը նշեց, որ Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունները թարգմանելուց հետո թարգմանիչներն աշխատել են Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը» գրքի վրա: Շերլոք Հոլմսի մասին պատմող յուրաքանչյուր հատորում ընթերցողը կգտնի հատված՝ Կորուսյալ աշխարհի քարտեզից: Հավաքելով քարտեզի բոլոր վեց մասերը՝ընթերցողները մինչև 2019-ի մարտի 20-ը նվեր կստանան «Կորուսյալ աշխարհը» գիրքը:

Սըր Արթուր Քոնան Դոյլը թարգմանիչ Քրիստինե Չիլինգարյանի սիրելի հեղինակներից է: Նախագծի ընթացքում մնացած թարգմանիչների հետ կապի մեջ են եղել և համագործակցել. «Հրատարակչությունն է որոշել, թե մեզանից ով որ հատորի վրա պետք է աշխատի: Մենք մեծ հաճույքով ենք լծվել գործի, և մեզ համար էական տարբերություն չկար, թե որ հատորը կթարգմանենք»

Շերլոք Հոլմսը հայտնվում է Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում: Պատմությունը պատմում է Հոլմսի լավագույն ընկերը՝ բժիշկ Ուոթսոնը:

Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

December 10, 2018

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը

December 10, 2018