Ջ. Մ. Կուտզեի «Բարբարոսներին սպասելիս»` քաղաքական ռեժիմները տապալելու մասին

newmag-ը ներկայանցում է Նոբելյան մրցանակակիր, հարավաֆրիկացի գրող Ջոն Մաքսվել Կուտզեի «Բարբարոսներին սպասելիս» գրքի review-ն. ովքե՞ր են իրականում բարբարոսները` անապատային ցեղե՞րը, թե 21-րդ դարի տեխնոլոգիաներով հագեցած մեգապոլիսների բնակիչները:


Նախ` հեղինակի մասին. նա գրող է, որին պետք չեն գրական մրցանակները: 2003-ին Նոբելյան կոմիտեն հարավաֆրիկացի հեղինակին շնորհեց գրական ամենաբարձր մրցանակը «հարուստ դիալոգների և վերլուծական վարպետության համար»: Մինչև Նոբելյան հեղինակ դառնալը նա հայտնի էր որպես Բուքերյան մրցանակին երկու անգամ արժանացած առաջին գրողը:

Նրան ներվում է Բուքերյան մրցանակաբաշխությանը չներկայանալը, Նոբելյան ելույթը Ռոբիզնոն Կրուզոյին նվիրելը, այսօրվա աշխարհակարգն ակնհայտ քամահրանքով ու միայն իրեն հատուկ ինտելեկտուալ մակարդակով քննադատելը:

Ծնվել է 1940-ին, Քեյփթաունում: Կյանքն անցկացրել է Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգերի միջև: 2002-ին թոշակի է անցել ու մշտական բնակություն հաստատել Կանաչ մայրցամաքում: Ընկերուհու հետ ապրում է ավստրալական Ադելաիդայում` աշխարհից կտրված ու աշխարհն արհամարհելով:

Ջոն Մաքսվել Կուտզեն ժամանակակից ինտելեկտուալ գրականության հիմնասյուներից է, մեր օրերի ամենահռչակավոր դասականն  ու առեղծվածային հեղինակը:

Հիմա` «բարբարոսների» մասին, թեև այդքան էլ այդպես չէ: Գլխավոր հերոսը ամենասովորական «փոքր մարդն» է, որի անունը Կուտզեն այդպես էլ չի տալիս: Նրան վերապահված է քաղաքական ռեժիմի դեմ անօգուտ ու անհեռանկարային պայքարի խորհրդանիշի դերը: Ջոն Մաքսվել Կուտզեն այս վեպում հետազոտում է երևույթը, որն առաջանում է անհատականության ու պետության բախման ժամանակ:

Իրադարձությունները ծավալվում են ինչ-որ Կայսրության ծայրամասային` ինչ-որ պաշտպանական նշանակությամբ ամրոց-քաղաքում: Այստեղ է ապրում անդեմ հերոսը` քաղաքապետը, որը նաև դատավորն է, նաև քաղաքի միակ իշխանավորը: Կայսրության ծայրամասում ժամանակն այլ կերպ է հոսում` դանդաղ, ճիշտ հունով, առանց անակնկալների: Այստեղ գիտեն, որ ամրոցի պատից այն կողմ Կայսրությունն ավարտվում է, այնտեղ` ամայի ու անծանոթ տարածություններում են ապրում բարբարոս ցեղերը: Նրանց գոյությանն ու հարևանությանը, նաև բարբարոսներից հնարավոր հարձակմանը պերիֆերիայում սովոր են: Ապրում են դրանով:

Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ մայրաքաղաքից ժամանում է գնդապետ Ջոլը` հատուկ առաքելությամբ: Կայսրության «վերևներում» տեղեկություն ունեն բարբարոսների մոտալուտ հարձակման մասին: Բարձրաստիճան զինվորականը արշավում է բարբարոսների վրա: Վերադառնում է տասնյակ գերիներով: Նրանց անմարդկային կտտանքների են ենթարկում, հարցաքննում: Այդպես էլ չգտնելով Կայսրությունը կործանելու` բարբարոս ցեղերի դավադրության հաստատում` գնդապետ Ջոլը հեռանում է` քաղաքում թողնելով գերի կանանց, երեխների, ծերերի դիակներ: Ողջ մնացածներին բաց են թողնում, բարբաոսները հեռանում են «քաղաքակիրթ» Կայսրության տարածքից: Քաղաքում մնում է հաշմված բարբարոս մի աղջիկ, որին լքել են ցեղակիցները:

Քաղաքի կառավարիչը գտնում է նրան, տանում իր տուն, հագցնում մաքուր շորեր, խնամում աղջկան, բուժում վերքերը: Սա միակ բանն է, որ կարող է անել: Նա տեսել էր և գիտեր, ինչպես է գնդապետ Ջոլլը տանջում, անդամահատում, սպանում աղջկա հարազատներին, գիտեր ինչպես է վառել հենց աղջկա աչքերը, ինչպես է կոտրել նրա ոտքերը… Բայց քաղաքապետն անզոր էր, չէր կարող միջամտել: Անզոր` ոչ թե այն պատճառով, որ չէր կարող, այլ որովհետև չմիջամտելը, համակերպվելը, ենթարկվելը նրա ընտրությունն էր: Չէ՞ որ նա փոքրիկ իշխանավոր է, որը վախենում է կորցնել պաշտոնը:

Բարբարոս աղջիկը ապրում է քաղաքի կառավարչի տանը, նրա ննջասենյակում: Ծեր կառավարիչն ամեն գիշեր հանում է նրա շորերը, շոյում վերքերը, մարմինը, բայց չի համարձակվում տիրանալ: Այս տեսարանը գռեհիկ, տգեղ ու զզվելի կլիներ, եթե այն նկարագրած չլիներ Կուտզեն: Աղջկա ներկայությունը նրա կյանքում ինքնադատաստան է: Ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ հիշեցնում է` խղճի մասին:  Չկարողանալով պայքարել ինքն իր հետ` քաղաքապետը որոշում է աղջկան վերադարձնել իր ցեղակիցներին: Մի քանի հպատակների հետ բարեհաջող ավարտելով արշավը` վերադառնում է ամրոց-քաղաք, որտեղ նրան դիմավորում է գնդապետ Ջոլը: Քաղաքապետին ձերբակալում են ու մեղադրում պետական դավաճանության մեջ:

Ի՞նչ էր նա ուզում ապացուցել` փրկելով  անօգնական, հաշմանդամ բարբարոս աղջկան: Որտե՞ղ է ավարտվում արդարությունը, ե՞րբ ենք մենք կորցնում մարդկային դիմագիծը, ո՞վ է բարբարոսը. խրճիթներում ապրող ցնցոտիավոր ցեղե՞րը,  թե՞ հզոր Կայսրության ազդեցիկ պաշտոնյան: Ո՞վ է ավելի խղճալի. բարաբոս աղջնա՞կը, որին հաշմանդամ է դարձրել քաղաքակիրթ հասարակության իշխանավորը, թե՞ աթոռից ու բարեկեցությունից կառչած փոքրիկ իշխանավորը, որը հանդուրժել է ամենաթողությունը:

«Ինչո՞ւ ենք մենք կորցրել ազատ ապրելու ունակությունը: Չենք ապրում` ինչպես ձուկը` ջրում, ինչպես թռչունը` երկնքում: Ինչո՞ւ ենք մենք մոռացել երեխայի պես ապրելու հմայքը»:

Կուտզեն ասում է` մեղավորը Կայսրությունն է: Որովհետև այն ստեղծել է հատուկ ժամանակ` Պատմությունը: Ժամանակ, որը հոսում է գարնան, ամռան, աշնան, ձմռան անփոփոխ հերթականությամբ: Կայսրությունը նախապատվությունը տվել է պատմությանը` զիգզագներով ընթացող ժամանակին` լի անկումներով ու վերելքներով, ավարտով ու սկզբով, հակասություններով ու աղետներով:

«Ապրել ժամանակում`դեմ գնալով սեփական օրենքներին. ահա ճակատագիրը, որն իր համար ընտրել է Կայսրությունը: Եվ նրա միտքը մի բանով է միայն զբաղված` ինչպես թույլ չտալ վերջը, ինչպես չմեռնել, ինչպես երկարաձգել սեփական դարաշրջանը»:

Սա քաղաքական վեպ է, սիրավեպ է, փիլիսոփայական տրակտատ է արդարության մասին, վեպ է այն «քաղաքակիրթ» մարդու մասին, որից իրականում փախել ու ավստրալական «կանաչում» թաքնվում է Ջոն Մաքսվել Կուտզեն` ասելով.

«Երևի ես չափից դուրս շատ բան եմ հասկանում: Իսկ դա հիվանդություն է, որով վարակվելուց հետո հազիվ թե առողջանաս»:

Խորհուրդ են տալիս դասականները. ինչպե՞ս գրել

May 1, 2018

6 հետաքրքիր գիրք բիզնես գաղափարներ գտնելու համար

May 1, 2018