Ընթերցանության արագությունը կարևոր չէ. մենք չենք մրցում որևէ մեկի հետ: 10 կամ 20 էջ կարդալուց հետո ուզում եմ դադար վերցնել ու մտածել կարդացածիս մասին, վերլուծել այն:
«Ոչ աշխատանքային» ընթերցանության ժամանակ (հազվադեպ, բայց պատահում է) ինձ համար առաջնահերթություններ եմ սահմանում: Եթե գիրքն ինձ դուր չի գալիս ու դադարից հետո չեմ ուզում վերադառնալ ու կրկին ձեռքս վերցնել գիրքը, ապա կարելի է այն չշարունակել. կյանքն անհետաքրքիր բաների վրա ծախսելու համար չափազանց կարճ է:
Առասարակ կարելի է կարդալ այն ժամանակ, երբ ուժ ունեք: Պետք չէ կարծել, թե «ոչ պարտադիր» ընթերցանության համար ամենաօպտիմալ ժամանակը 10-ժամյա աշխատանքային օրվանից հետո է, երբ գլուխը ցավում է, իսկ աչքերը հազիվ եք կարողանում բաց պահել: Եթե հանկարծ պարզվի, որ ընթերցանության համար «որակյալ» ժամանակ չի մնում, ապա շատ հնարավոր է, որ խնդիրը ոչ թե հագեցած գրաֆիկն է, այլ այն, որ ընթերցանությունը պարզապես հոգեհարազատ չէ ձեզ կամ էլ սխալ գիրք եք ընտրել:
Ինքնազարգացման համար գիրք ընթերցելն իմ անձնական ծիսակարգերից է, իմ սեփական, գաղտնի այգին, և ուրեմն, ընթերցանության ընթացքը պետք է ինձ համար մաքսիմալ հարմարավետ լինի:
Իհարկե եթե ընթերցանությունս «աշխատանքային է», ես չեմ կարող ինձ այդ ճոխությունները թույլ տալ և ուշադրություն եմ դարձնում մանրուքներին միայն այն դեպքերում, երբ կարդում եմ հաճույքի համար: Դե իսկ կարդալու ընթացքում նշումներ անելն ու հետաքրքիր մտքեր դուրս գրելն իմ ամենասիրած սովորությունն է. անկախ նրանից ես կարդում եմ աշխատանքի բերումով թե ինքս ինձ համար:
Կարծում եմ` այն հիանալի պրակտիկա է, որը թույլ է տալիս պահպանել գրքի մասին տպավորությունները, սեփական ասոցացումները, վառ ու հետաքրքիր դետալները: Ես կարդում եմ միայն էլեկտրոնային եղանակով` պլանշետից, և էլեկտրոնային հատուկ թղթապանակ ունեմ, որտեղ պահպանում են բոլոր գրքերն ու նոթերը. մեկ գիրքը մեկ ֆայլ է: Այդ նոթերն ընթերցելը միշտ էլ հաճելի է: Ասես նորից խորասուզվում ես ոչ միայն գրքի մեջ, այլև այն պահի, երբ կարդացել ես այն: Այդպես հիշում ես մտքերդ ու էմոցիաներդ:
Անի Սողոյան