Ֆիցջերալդների արկածները 

1920-ականներին Նյու Յորքի թերթերում ծավալուն հոդվածներ էին հրապարակվում այդ ժամանակների ամենասկանդալային ու հայտնի զույգերից մեկի ՝ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ու նրա կնոջ՝ Զելդայի մասին:


Ամուսինները ապրելով «ջազային դարաշրջանում» վարում էին ազատ ապրելակերպ, մասնակցում էին սկանդալային երեկույթների, օգտագործում էին շատ ալկոհոլ: 

Ֆիցջերալդները թելադրում էին ոճ, ապրում էին թանկարժեք հյուրանոցների ամենաճոխ համարներում, նախաճաշին վայելում էին վիսկի ու ձիթապտուղ, իսկ հետո ուղևորվում էին քաղաք՝ արկածների հետևից: 

«Այս երեկո, պարոն Ֆիցջերալդն ու նրա կինը Մանհեթենում արտասովոր շրջագայություն են ունեցել: Ամուսինները Բրոդվեյի 42-րդ փողոցի անկյունում տաքսի են պատվիրել ու նստել հետևի նստատեղին: Բայց արդեն Հինգերորդ պողոտային հասնելիս զույգը որոշել է, որ այդպես երթևեկելը իրենց հարմար չէ: Պահանջել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, որպեսզի իրենք տեղափոխվեն:  Պարոն Ֆիցջերալդը բարձրացել ու նստել է մեքենայի տանիքին, իսկ տիկին Ֆիցջերալդը՝ կապոտին: Ճանապարհը ամուսինները շարունակել են այդ դիրքով… », – գրում է թերթերից մեկը:

Ամուսինները առանձնանում էին նաև նրանով, որ հաճախ էին այցելում այդ ժամանակ նորաձև «Սկանդալներ» ներկայացմանը: Ասում են, մի օր նրանք ցնցել են հանդիսատեսին, ներկայացման գնալով ամբողջությամբ մերկ:

«Օրերս  Նյու Յորքի հասարակությունը  անհանգստացավ ամուսնական զույգի անհետացմամբ: Շաբաթ երեկոյան իրենց առանձնարանից դուրս գալուց հետո նրանք ուղևորվել են Մանհեթեն, բայց այնտեղ չեն հասել ոչ կիրակի, ոչ երկուշաբթի, ոչ էլ երեքշաբթի: Նրանց գտել են հինգշաբթի առավոտյան, Նյու Ջերսիի  ամենաշքեղ հյուրանոցում: Ոչ պարոն Ֆիտցջերալդը, ոչ  էլ Զելդան չեն կարողացել հիշել, թե ինչպես են անցկացրել այդ 4 օրերը, որքան են խմել ու ինչպես են Նյու Ջերսիում հայտնվել … », – գրում է մեկ այլ թերթ:

Արկածները այսքանով չէին ավարտվում: Օրինակ՝ 1925 թվականի  օգոստոսին Զելդան խանդի ու վրեժխնդրության պատճառով նետվեց  ռեստորանի 2-րդ հարկ տանող աստիճաններից: Կինը երկար գլորվել է ներքև, և ռեստորանում եղած հյուրերը պատմել են, որ գրեթե վստահ են եղել, որ երիտասարդ կինը կկոտրի վիզը: Բարեբախտաբար Զելդան ստացել է թեթև վնասվածքներ: Իսկ սկանդալային այս արարքի պատճառը եղել է այն, որ պարոն Ֆիցջերալդը ռեստորանում նկատել է հայտնի պարուհու, և կնոջից խնդրել է թույլ տալ հաճոյախոսել նրան:

Զելդայի ճակատագիրը դժվար էր ու տխուր:  Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, չնայած մեծ համբավին ու փողին, ևս երջանիկ չէր: Մնում է հուսալ, որ թերթերում նկարագրված աղմկոտ ու ճոխ երեկույթներին ամուսինները իրենց լավ են զգացել:

Արփի Մուրադյան

Թոնի Մորիսոն. Գրականության արվեստը

June 29, 2019

Որտեղից է վերցված «Փոքրիկ Իշխանը»

June 29, 2019