Էմմա Քլայն. Նույնիսկ վեպ գրելիս սարսափելի էր հիշել դեռահասության տարիները

«Աղջիկները» վեպի հեղինակ Էմմա Քլայնը զրույցել է The Guardian-ի հետ և պատել իր վեպի, կարճ պատմվածքների հմայքի և սմարթֆոն չունենալու մասին։


– Չարլզ Մենսոնի ու նրա ընտանիքի մասին բոլորն են լսել: Ի՞նչը դրդեց գրել պատմության Ձեր տարբերակը:

Է. ՔԼԱՅՆ – Վեպում կարևորը հանցագործությունները չեն, աշխատել եմ չֆիքսվել դրանց վրա: Վեպը աղջիկների ու նրանց ամենօրյա կյանքում հանդիպող դաժանությունների ու բռնությունների մասին է: Ինքս ինձ ասում էի` կարո՞ղ եմ այնպիսի գիրք գրել, որտեղ իրական հանցագործությունները որպես հոգեբանական դրսևորում կընկալվեն:

– Կալիֆորնիայում եք ապրում, այնտեղի մշակույթն ինչ-որ ազդեցություն ունեցե՞լ է Ձեզ վրա:

Է. ՔԼԱՅՆ – Ծնողներս բնիկ կալիֆորնիացիներ են, 1969-ին նույն տարիքին էին, ինչ` Էվին (Քլայնի «Աղջիկները» գրքի հերոսը): Նրանց պատկերացումներն ու ընկալումները դարձրի իմն ու պատմեցի դրանց մասին: 1969 թվականն այդքան էլ հեռու չէ: Սոնոմայի շրջանում, որտեղ ապրում եմ, դեռ այն ժամանակվանից կոմունաներ կային, դրանց մի մասը մինչև այսօր պահպանվել է: Փորձել եմ ճշգրիտ հայացք ուղղել 60-ականներ ու ներկայացնել այդ ժամանակաշրջանն այնպիսին, ինչպես ծնողներիս ժամանակ էր:

– Վեպը հատկապես անչափահասներին է գրավում: Ինչպե՞ս կարողացաք այդքան մանրամասն նկարագրել անչափահասների վարքագիծը, երբ ինքներդ վաղուց արդեն չափահաս եք:

Է. ՔԼԱՅՆ – Անչափահաս տարիքում ամեն ինչ ռիսկերի վրա է հիմնված, իսկ շուրջդ միայն սև ու սպիտակ է: Մտնելով մեծերի աշխարհ, փորձում ես քո ճիշտ տեղը գտնել: Վեպը գրելիս վերհիշել եմ այդ տարիների ապրումներս ու փորձել հերոսների միջոցով վերակենդանացնել դրանք:

– Վեպի հերոսները հայտնի դառնալու մոլուցքով են տարված: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Է. ՔԼԱՅՆ – Գրքի աշխարհում հայտնի լինելն ուշադրություն գրավելու միջոց է. Էվիին հենց դա է հրապուրում: Կարծում եմ գրքի ամենակարևոր միտքը հենց դա է:

– Ըստ Ձեզ ինչքանո՞վ են փոխվել կնոջ մասին ընկալումները:

Է. ՔԼԱՅՆ – Կանանց մասին պատմությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Բայց մնում եմ նույն կարծիքին, որ նրանք, ովքեր գրում են կանանց ու աղջիկների մասին, ֆեմինիստ են ընկալվում: Ուզում եմ ստեղծել այնպիսի հերոսներ, որոնք ունեն կյանքի նույն խնդիրներն` ինչ բոլորը, ովքեր ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելու կարիք չունեն:

– Ձեր կարծիքով գրելն ինչպե՞ս է անդրադառնում մարդու վրա:

Է. ՔԼԱՅՆ – Ինձ համար գրելն ու կարդալը բացահայտումներ սիրող մարդու հատկանիշներ են: Ի՞նչ է պետք այստեղից այնտեղ հասնելու համար: Ահա` ինչն է ինձ հետաքրքրում: Իսկ որո՞նք են մեր հոգևոր դարպասները: Չեմ կարծում, որ գրքերը կարող են պատասխանել այս հարցին: Այդ պատճառով չէ, որ գիրք եմ կարդում, և ոչ էլ դրա համար եմ գրում: Երկիմաստություն. ահա` ինչն է ինձ հետաքրքրում:

– Միայնակ եք ապրում: Հե՞շտ է հեռու մնալ մարդկանցից:

Է. ՔԼԱՅՆ – Լավ հարց էր: Երևի դա բացատրում է այն փաստը, որ հեռախոս չունեմ: Այնտեղ, որտեղ սովորաբար գրում եմ, նման է երևակայական մենաստանի: Փորձում եմ հեռու լինել. դա կարևոր է ինձ համար:

– Իսկ ինտերնե՞տը: Օգտվո՞ւմ եք:

Է. ՔԼԱՅՆ – Ինտերնետից օգտվում եմ այն նույն հիմար նպատակով` ինչ բոլորը: Ինձ լավ ճանաչելով փորձում եմ հեռու մնալ, իսկ երբ մտնում եմ այնտեղ` ապա բոլորի պես` աննպատակ:

– Սմարթֆոն ունենալու ցանկություն չի՞ առաջացել:

Է. ՔԼԱՅՆ – Դա հենց այն խնդիրն է, որին ամեն անգամ առնչվում եմ ճանապարհորդելիս. անընդհատ բոլորից ճանապարհ եմ հարցնում:

– Կալիֆորնիայի համալսարանում գրական ոճ եք ուսումնասիրել: Ի՞նչ կարևոր բան սովորեցիք:

Է. ՔԼԱՅՆ – Քո գրածները կարդում են. ահա կարևորը: Դասերի ժամանակ 15 տարբեր մարդիկ կարդում են քո գրածն ու խորհուրդներ տալիս: Շատ բան ես սովորում:

– Տարիներ առաջ դերասանությամբ էիք զբաղվում: Ինչո՞ւ հրաժարվեցիք դերասանական կարիերայից ու որոշեցիք գրականությամբ զբաղվել:

Է. ՔԼԱՅՆ – Հետաքրքիր էր գրելը: Այն շատ առումներով խաղալու ճիշտ հակառակն է: Մարդկանց աչքերում դու դառնում ես աշխարհի մտքերը կրողը: Գրելը շատ կարևոր ու առանձնահատուկ առավելություն ունի, դու աշխարհը կառավարում ես այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Դու ես դառնում քո տերն ու տիրակալը:

– Մտածո՞ւմ եք նոր վեպ գրելու մասին:

Է. ՔԼԱՅՆ – Անցած տարի միայն կարճ պատմվածքներ եմ գրել: Նոր վեպի մասին դեռ չեմ մտածել: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ արձակը սահմանափակումներ չունի: Ինձ միշտ հետաքրքրել են մարդկանց կյանքի մութ պատմությունները:

– Ի՞նչ է պետք լավ պատմվածք գրելու համար:

Է. ՔԼԱՅՆ – Պարզեք` ինձ էլ ասեք: Պատմվածքները ձև ու չափ չունեն. դա է ինձ դուր գալիս: Մտքերին ավելի առեղծվածային երանգ են տալիս:

Գիտական ապացույց. ընթերցասեր մարդիկ ավելի երկար են ապրում

March 24, 2018

Սթիվեն Քինգ. ի՞նչ է պետք գրող դառնալու համար

March 24, 2018