Bestseller ռեվյու
Առանց շտապելու և լարվածության Քոլմ Թոյբինը պատմում է մոռացված իռլանդական գյուղում ապրող մի աղջկա մասին, որի կյանքում անցյալն ու ապագան անհավասար պատերազմների մեջ են: Առաջին հայացքից հասարակ թվացող հերոսուհին՝ երիտասարդ Էյլիսը, առաջին անգամ դուրս է գալիս հարազատ գյուղից ու հայտնվում մեկ այլ աշխարհում:
50-ականներ. երիտասարդ Էյլիսը ապրում է Իռլանդիայի անշունչ ու աշխարհից կտրված գյուղում, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ մարդ և ոչ էլ որևէ զբաղմունք։ Չնայած այս ամենին, Էյլիսը երջանիկ է ու չի պատրաստվում լքել հարազատ գյուղն ու ընտանիքը: Հորը կորցնելուց հետո եղբայրները մեկնեցին Անգլիա՝ բարեկեցիկ կյանք փնտրելու, ու այդպես էլ չվերադարձան: Ձանձրալի գյուղական առօրյան փոխվում է, երբ մի օր երիտասարդ աղջիկը սիրելի գյուղից մեկնելու առաջարկ է ստանում։ Կանգնելով երկընտրանքի առջև՝ մի կողմից մայրն ու քույրը` մյուս կողմում երազանքները, աղջիկը որոշում է բաց չթողնել հնարավորությունը և օգտվել կյանքը նորից սկսելու հնարավորությունից։
Գյուղից հեռու Էյլիսին սպասում է ժամանակակից նոր աշխարհ, ուր գնացողները` ճաշակելով ազատությունն ու հսկա քաղաքների գրավչությունը, չեն վերադառնում։ Լավ աշխատանք, տուն` քաղաքի կենտրոնում , ամերիկյան երազանք. մի խոսքով՝ Բրուքլին։ Իռլանդական խուլ գյուղերից հետո աղջիկը հայտնվում է ամենաաղմկոտ քաղաքներից մեկում։ Կարճ ժամանակում հարմարվում է քաղաքին, բնակարան է վարձում և սկսում աշխատել: Էյլիսը մոռանում է սիրելի գյուղը, ընտանիքն ու առհասարակ Իռլանդիան։ Վայելելով ամերիկյան երազանքը, հսկա մոլերը, ընդարձակ փողոցներն ու խիտ երթևեկությունը, աղջիկը դառնում է իսկական բրուքլինցի։
Աղջկա կյանքում ամեն ինչ հրաշալի էր, բայց մի օր հանգամանքները ստիպեցին վերադառնալ Իռլանդիա։
Վեպը երկու աշխարհների միջև հայտնված աղջկա մասին է, որը չի կողմնորոշվում, թե որն է ի'ր աշխարհը։ Սեփական ես-ը փնտրելու, կասկածներով ապրելու և անցյալը մոռանալու փորձերից հետո Էյլիսը հայտնվում է անցյալի ու ապագայի խաչմերուկում: Վերադառնալ Իռլանդի՞ա, թե՞ մնալ Բրուքլինում:
Ամեն ինչ ծանր ու թեթև անելուց հետո աղջիկը շարունակում է սխալվել` վիրավորելով մտերիմներին: Դուրս գալով ավանդական աղջկա կերպարից, Էյլիսը դառնում է թեթևամիտ ամերիկացի. չամուսնանա՞նք` ամուսնանանք, գնանք լիցքաթափվելո՞ւ` վատ միտք չէ: Վեպն ընթերցելիս ընթերցողը կմտածի` նա այդքան սխալներից դասեր քաղե՞ց, թե՞ ոչ:
«Բրուքլին»-ը հասարակ իռլանդացի աղջկա մասին է, որի կյանքում շրջադարձային փոփոխությունները հեղինակը նկարագրում է առանց հանելուկների: Քոլմը գրել է մարդու միայնության, դժբախտությունների ու երջանկության անցողիկության մասին:
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
1 ռեվյու՝ «Բրուքլին» գրքի համար
-
Mmmm
Մրի –
Mmmm