Bestseller ռեվյու
Կապույտ շապիկով, աստղազարդ երկնքով ու կիսալուսնով գիրքը` Կաստելամարե կոչվող փոքրիկ կղզյակի մասին է, որի կախարդական պատմությունը սկիզբ է առնում այն պահին, երբ բժիշկ Ամադեո Էսպոսիտոն գալիս է կղզի: Նա այնքան է սիրում կղզին, որ գնում է «Տունը՝ գիշերվա փեշին» անունը կրող պանդոկն ու այն դարձնում կղզու բնակիչների սիրելի վայրը: Գիրքը պատմում է Ամադեոյի կյանքի մասին:
Կաստելամարե կղզյակը թաքնված է Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից հարավ-արևելք։ 1914 թվականին, երբ բժիշկ Ամեդեո Էսպոզիտոն ժամանեց կղզի, այնտեղ 1000 մարդ էր բնակվում։ Մարդիկ առանձնապես չէին փայլում կրթությամբ, գրել-կարդալ գիտեին միայն մի քանիսը՝ հոգևորականը, կղզյակի միակ՝ «Տունը՝ գիշերվա փեշին» անունով պանդոկի տերը, դպրոցի ուսուցիչն ու բռնակալ կոմսը։
Ամեդեոյի՝ Կաստելամարեում բնակություն հաստատելուց մի քանի տարի անց, մեկ գիշերվա մեջ ծնվում է երկու երեխա. մեկը` կոմսի ընտանիքում, մյուսն` Ամեդեոյի: Ամեն ինչ փոխվում է, երբ պարզվում է, որ երեխաների հայրը նույն մարդն է՝ բժիշկը։ Հենց այստեղից էլ սկսվում է Էսպոզիտո ընտանիքի պատմությունը՝ լի տարատեսակ ճյուղավորումներով, գաղտնի «գրպաններով», ոչ պատահական համընկնումներով։ Ներկայացվում է ընտանիքի չորս սերունդ, որոնք սիրելու և ատելու են, արհամարհելու են, բայց և՝ լսելու ու պատմելու են չքնաղ հեքիաթներ՝ ոչ պակաս չքնաղ կղզյակի «Տունը՝ գիշերվա փեշին» անունով պանդոկի մասին։ «Տունը՝ գիշերվա փեշին» դառնում է կղզու սիրտը, որտեղ Էսպոսիտոյի սերունդները շարունակում են ապրել:
Քեթրին Բենների այս գիրքը հեշտ է կարդացվում, պոետիկ է ու հաճելի։ Հերոսները կրում են «իսկական իտալացիներին» վերագրվող բոլոր կարծրատիպերը: Կաստելամարեի գեղեցկության նկարագրությունները երբեմն շատ նման են Lonely Planet-ի ուղեցույցներին։
Բենների ստեղծած արևոտ կղզյակը կստիպի մտովի տեղափոխվել «Տունը՝ գիշերվա փեշին» անունով պանդոկ ու ամեն ինչ սեփական աչքով տեսնել: Մի խոսքով, եթե այս տարի հանգիստը ծովում անցկացնելու հնարավորություն չկա, «Տունը՝ գիշերվա փեշին» գիրքը լավ այլընտրանք է:
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։