Newmag-ը հրատարակել է ամերիկահայ ամենաբարձր պետական պաշտոնյայի՝ Փոլ Իգնեշիուսի հուշերը

«Հիմա մասամբ գիտեմ» գիրքը բացառիկ հուշագրություն է, որտեղ կհանդիպեք Վիլյամ Սարոյանին և Ռուբեն Մամուլյանին, կպատմի Վիետնամի պատերազմից մինչև այց նորանկախ Հայաստան:


Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ «Հիմա մասամբ գիտեմ» գրքում Փոլ Իգնեշիուսը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի ջարդերից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարայի օգնականն էր: Մասնակցել է Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականության մշակմանը: Ջ. Քենեդու և Լ. Ջոնսոնի նախագահության տարիներին եղել է բանակի նախարարի և պաշտպանության նախարարի օգնական: Վիետնամի պատերազմի տարիներին 1967-69թթ. եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարն ու ԱՄՆ ՊՆ տեղակալը:

Եղել է ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն Պոստ» թերթի նախագահը: Ի պատիվ նրա ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը 2019-ին նրա անունով կոչեց իր հրթիռային հածանավերից մեկը, որն այժմ կրում է USS Paul Ignatius անվանումը:

Փոլ Իգնեշիուսը ծնվել է 1920-ին Գլենդելում, սակայն նրա արմատները պատմական Հայաստանի Խարբերդում են: Հեղինակը նկարագրում է 2006 թվականի այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։

Հայերեն թարգմանության համար հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։ Նրանք ընդգծում են, որ սա մեծ պատմություն է, որի հերոսներն իրենց հոր պես ներգաղթյալների ընտանիքներն են: Իգնեշիուսները գրում են, որ Փոլի հարուստ կենսագրության մասին շատերը չգիտեն: Սակայն իր այս հուշագրությունից մի բան է ակնհայտ՝ նա ընտանիքի նվիրյալ էր: Այդ նվիրվածությունը շարունակվեց ամբողջ կյանքի ընթացքում և նպաստեց իր երեխաների դաստիարակությանը: Դեյվիդը, Սառան, Էմին և Ադին հուսով են, որ իրենց հոր «Հիմա մասամբ գիտեմ» հուշագրությունը բոլորին կօգնի հասկանալ անցած, բայց մտապահված հրաշալի ժամանակները։

ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը նոյեմբերին կդառնա 99 տարեկան:

«Հիմա մասամբ գիտեմ» գիրքը հրատարակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Գյուլբենկյանի մասին հայտնի ու անհայտ փաստերը` հայերեն

October 17, 2019

Գրքեր կարդալն օգնեց ինձ հաղթահարել սոցցանցերից կախվածությունը

October 17, 2019