Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից:
Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:
Անտառի մարդիկ
1950-ին Նորթըն Փերինա անունով երիտասարդ բժիշկն ու նրա օգնական Փոլ Թալենթը մեկնում են Միկրոնեզիայի Իվու-Իվու կղզի՝ հին տեղաբնակների տոհմը գտնելու նպատակով: Նրանք ոչ միայն գտնում են հին տեղաբնակներին այլև բացահայտում են, որ անտառում ապրող ցեղի բնակիչներն անսովոր երկար են ապրում: Փերինան փորձում է բացահայտել երկարակեցության պատճառն ու պարզում է, որ գաղտնիքը հնադարյան կրիայի մսի մեջ է: Նա սպանում է կրիաներին, դրանց միսը հետազոտությունների համար օգտագործելու նպատակով: Փերինան գիտականորեն ապացուցում է իր թեզը, որն էլ նրան մեծ ճանաչում է բերում մինչև Նոբելյան մրցանակ: Նա գիտակցում է, որ իր բացահայտումով վտանգի տակ է դրել կղզու բնակիչների կյանքը: Սակայն զղջումի զգացումը ոչինչ չի փոխում, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Ավելին, կղզում կատարվածը նրան հետապնդում է ամբողջ կյանքի ընթացքում։
Յանիգահարայի վեպը գիտական ֆանտաստիկա ժանրի սիրահարների համար է: Գիտական հետազոտություններից մինչև 10-ամյա տղայի բռնաբարություն: Գրքում կրիաների մսով կերակրում են առնետներին, Նոբելյան դափնեկրին սովորական հանցագործի պես բանտ նետում, իսկ երկարակեցության մոլուցքով տառապողները հիմնահատակ ավերում են դրախտային կղզին:
Իլոն Մասկ
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:
Մահաբեր ընտրություն
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլեւս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից: Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին եւ պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները եւ քողազերծում պատվաստանյութերի հետեւանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար ԼեւոնԱլթունյանը։