4321

Փոլ Օսթերի ամենահանճարեղ ու ամենատպավորիչ վեպը զարմանալի մի պատմութուն է ժառանգության, ընտանիքի, սիրո ու կյանքի մասին: Մեկ մարդ, չորս զուգահեռ կյանք: 1947 թվական, մարտի 3: Նյու Ջերսիի հիվանդանոցներից մեկում ծնվեց Արքիբալդ Իսաակ Ֆերգյուսոնը` Ռոզ և Սթենլի Ֆերգյուսոնների միակ որդին: Հենց դրանից հետո Ֆերգյուսոնի կյանքը միաժամանակ բաժանվեց իրարից անկախ ու տարբեր 4 ճանապարհների. նույն ԴՆԹ-ով ստեղծված 4 Ֆերգյուսոններն ապրում են 4 զուգահեռ կյանք: Նրանց ճակատագրերը տարբերվում են միմյանցից: Դրանք աթլետիկ ունակությունների, սեռական կյանքի, ընկերության ու կրքերի իսկական հակադրություններ են: Ֆերգյուսոններից յուրաքանչյուրը տարվում է չքնաղ Էմի Շնեյդերմենով և կրկին տարբեր ու ինքնատիպ հարաբերությունների մեջ մտնում Էմիներից յուրաքանչյուրի հետ: 4 տարբեր պատմություններ մեկ կյանքի մասին, որոնք դասավորվում են տարբեր կերպ` կախված ամենաաննշան դետալներից:

Ամերիկյան ժանգ

Ֆիլիպ Մեյերի «Ամերիկյան ժանգ» վեպը պատմություն է կորած ամերիկյան երազանքի ու հուսահատության մասին, որտեղ կյանքի փլատակներից ծնունդ են առնում սերն ու ընկերությունը: Ակումբային կյանքից մինչև գնացքի գծեր, որի վերջին կայարանը` բանտն է, Մեյերը պատմում է 2 երիտասարդ տղաների մասին, որոնք երազում են ապագայի մասին` գործարաններից ու լքված տներից այն կողմ:    

Մոր ինքնասպանությունից հետո Այզեկը մնում է միայնակ` խնամելու զառամյալ հորը, իսկ քույրը փախչում է Յեյլ: Հայտնվում է Այզեկի մտերիմ ընկերն ու միասին որոշում են հեռանալ քաղաքից, որտեղ գործարաններն այնքան շատ են, որ թվում է ամբողջ քաղաքը ժանգով է պատված: Կյանքն այլ ընթացք է ստանում, երբ մտերիմ ընկերներն փորձում են դուրս գալ ժանգից ու հայտնվել ժամանակակից աշխարհում

Մեյերի «Ամերիկյան ժանգ»-ը վեպը տրանսցենդենտալ պատերազմների, սահուն իրականության, սիրո և ընկերության մասին է:

Ծարավը

Դժվար է պատկերացնել Հարրի Հոլի կյանքը, եթե մի փոքր կասկածում եք նրա պրոֆեսիոնալիզմի վրա: Ոստիկանը երբեք նախկին չի լինում, պարզապես հաշվի առնելով Հարրի ալկոհոլի հանդեպ սերը, պետք է հավելել, որ ալկոհոլիկը նույնպես երբեք հին չի լինում:  Վերջին դեպքի բացահայտման ժամանակ, երբ քիչ էր մնացել իր հարազատ մարդկանց կյանքը վտանգեր, Հարին դուրս եկավ աշխատանքից և կնոջը խոստացավ էլ երբեք չվերադառնալ հին գործին:

Նույն տարիքի կանանց իրար հաջորդող առեղծվածային սպանությունները անտարբեր չթողեցին «հին ոստիկանին»:  Այդ հանցագործությունների մեջ Հարին ծանոթ ձեռագիր է տեսնում և միանգամից գործի անցնում: Մարդասպանին բռնելու համար Հարին ռիսկի է գնում` վտանգի տակ դնելով իր ընտանիքը, սակայն այս պատմությունը մի նրբություն ունի. մարդասպանն ինքն է ուզում Հարրիին բռնել:  

Ձեռնաշղթաներ, կրակոցներ և վամպիրներ. ահա ինչ է սպասվում «Ծարավը» գրքում: Գիրքն ընթերցելուց առաջ համոզված եղեք, որ կողպել եք դուռը, իսկ քնելուց առաջ, վստահ եղեք, որ պահարանում թաքնված մարդ չկա:

Փիթեր Պենը պետք է մեռնի

Ջոն Վերդընի քրեական թրիլլերը պատմում է Դեյվիդ Գուրնեի մասին, ով պետք է բացահայտի ամենասկանդալային սպանությունը:

Քեյ Սփաթլերը սպանում է իր մեծահարուստ ամուսնուն: Նա սառնասրտորեն գնդակահարում է նրան իր մոր գերեզմանի առաջ: Նախկին ոստիկան Հարդվիկը ուսումնասիրելով սպանության մանրամասները պարզում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Այս մտահոգությամբ նա դիմում է Գուրնեին, ով միանգամից համաձայնում է օգնել` պատկերացում անգամ չունենալով թե ինչ գաղտնիքների շղթա է բացահայտելու: