Անտառի մարդիկ
1950-ին Նորթըն Փերինա անունով երիտասարդ բժիշկն ու նրա օգնական Փոլ Թալենթը մեկնում են Միկրոնեզիայի Իվու-Իվու կղզի՝ հին տեղաբնակների տոհմը գտնելու նպատակով: Նրանք ոչ միայն գտնում են հին տեղաբնակներին այլև բացահայտում են, որ անտառում ապրող ցեղի բնակիչներն անսովոր երկար են ապրում: Փերինան փորձում է բացահայտել երկարակեցության պատճառն ու պարզում է, որ գաղտնիքը հնադարյան կրիայի մսի մեջ է: Նա սպանում է կրիաներին, դրանց միսը հետազոտությունների համար օգտագործելու նպատակով: Փերինան գիտականորեն ապացուցում է իր թեզը, որն էլ նրան մեծ ճանաչում է բերում մինչև Նոբելյան մրցանակ: Նա գիտակցում է, որ իր բացահայտումով վտանգի տակ է դրել կղզու բնակիչների կյանքը: Սակայն զղջումի զգացումը ոչինչ չի փոխում, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Ավելին, կղզում կատարվածը նրան հետապնդում է ամբողջ կյանքի ընթացքում։
Յանիգահարայի վեպը գիտական ֆանտաստիկա ժանրի սիրահարների համար է: Գիտական հետազոտություններից մինչև 10-ամյա տղայի բռնաբարություն: Գրքում կրիաների մսով կերակրում են առնետներին, Նոբելյան դափնեկրին սովորական հանցագործի պես բանտ նետում, իսկ երկարակեցության մոլուցքով տառապողները հիմնահատակ ավերում են դրախտային կղզին:
Փիթեր Պենը պետք է մեռնի
Ջոն Վերդընի քրեական թրիլլերը պատմում է Դեյվիդ Գուրնեի մասին, ով պետք է բացահայտի ամենասկանդալային սպանությունը:
Քեյ Սփաթլերը սպանում է իր մեծահարուստ ամուսնուն: Նա սառնասրտորեն գնդակահարում է նրան իր մոր գերեզմանի առաջ: Նախկին ոստիկան Հարդվիկը ուսումնասիրելով սպանության մանրամասները պարզում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Այս մտահոգությամբ նա դիմում է Գուրնեին, ով միանգամից համաձայնում է օգնել` պատկերացում անգամ չունենալով թե ինչ գաղտնիքների շղթա է բացահայտելու: