Bestseller ռեվյու
Ամերիկացի գրող Ջոնաթան Սաֆրան Ֆոերի նոր՝ «Այստեղ եմ» վեպը ծիծաղելի պատմություն է կորստի, մահվան և ոչ մի ոլորտում չինտեգրվելու մասին։ Իսկ գրքի սկիզբը զարդարող աստվածաշնչյան տողերը (հենցա «Այստեղ եմ» բառերով է Աբրահամը պատասխանում Աստծո՝ իր որդուն զոհաբերելու պահանջին), թափանցիկ ակնարկ է, որով հեղինակը ցանկանում է շեշտել, որ մեր օրերում մարդիկ չեն կարողանում ամբողջովին, իրենց ամբողջ էությամբ արձագանքել աշխարհում կատարվող ու հնչող ցանկացած պահանջի ու կանչի՝ առանց մտածելու վճարելիք գնի ու հետևանքների մասին։
16 տարվա համատեղ կյանքից հետո Ջուլիի և Ջեյկոբի ամուսնությունն ընդհատվում է: Բջջային հեռախոսում պատահաբար հայտնաբերած պոռնոգրաֆիկ sms-ները դառնում են ամուսնական կյանքի համբերատարության բաժակի վերջին կաթիլը, որի պատճառով բավական ամուր՝ հոգևոր մտերմությամբ ու սեքսուալ խելահեղությամբ լի, երեք երեխա պարգևված ամուսնությունը սկսում է ճաքեր տալ ու փշրվել ։
Քանդվում է ամերիկայում բնակվող հրեաների՝ Բլոխերի երրորդ սերնդի ինքնության ամրությունը։ Ջեյկոբի պապը՝ Իսահակը, որի մասին խոսելիս գրողը նշում է, որ ծնկներն այդպես էլ մինչև վերջ չէին բացվում, քանի որ ամբողջ պատերազմի ընթացքում կիսածնկած ապրել է նկուղներում՝ թաքնվելով նացիստներից, հնարավորինս փորձում է երկարաձգել իր կյանքը միայն մի նպատակով՝ տեսնելու ավագ ծոռան բար-միցվան ( ծես հուդայիզմի մեջ)։
Սակայն 30-ամյա Սեմին, ով սիրահարված է սևմորթ դասընկերուհուն, որպեսզի խուսափի հանրային խայտառակությունից, պատրաստ է ծայրահեղ քայլերի գնալ, օրինակ՝ թղթին գրել բոլոր իմացած հայհոյանքներն ու թողնել հրեական դպրոցի իր նստարանին։
Այս զվարճալի օրինախախտությունը դառնում է ոչ միայն իր վրա ստիպողաբար փաթաթված և իր համար օտար արժեքներին դեմ գնալու բողոքի ձև, բայց և լուրջ փորձություն՝ ծնողական սիրո համար, քանի որ պարզ չէ՝ ո՞ւմ կողմից կլինեն Ջուլիան և Ջեյկոբը, արդյո՞ք կպաշտպանեն Սեմին։
Այս ընթացքում գերդաստանի նահապետը՝ Իսահակը, պլանավորում է ինքնասպանություն գործել, քանի որ չի ցանկանում ապրել ծերանոցում, իսկ բարեկամներից ոչ ոք չի ցանկանում նրան իր տանն ընդունել։ Ամուսինների բաժանումից հետո այդպես էլ անտեր մնացած Ջեյկոբի և Ջուլիի հավատարիմ ու ժամանակին սիրելի շունը սատկում է։ Իսկ հրեական զույգի ընտանեկան դժբախտության ֆոնին տեղի է ունեցնում իսկական ողբերգություն. բառի բուն իմաստով սկսում է փլուզվել Իսրայելը։ Ավերիչ երկրաշարժը, որը համարյա հողին է հավասարեցնում Երուսաղեմը, ճանապարհ է բացում երկրի բոլոր թշնամիների առաջ, որոնք փորձում են ստեղծված իրավիճակից օգտվելով վերջնականապես ծնկի իջեցնել պետությանը։
Ջոնաթան Սաֆրան Ֆոերն այն գրողներից է, որի գրքերը կգնեն ու կկարդան անկախ ամեն ինչից (հատկապես «Սարսափելի բարձր, անհավանական մոտ» փայլուն վեպին հաջորդած 11-ամյա ընդմիջումից հետո ), բայց ընթերցողին պետք է զգուշացնել հնարավոր ռիսկերի մասին։ Վեպը, վերապատելով, շատ ավելի լավն է, քան իրականում։ Ֆոերը նոր վեպում ևս պահպանել է իր գերունակությունը՝ չքննադատել սեփական հերոսներին, ավելին անկեղծորեն կարեկցել նրանց։ Բայց դա բնավ չի արդարացնում վեց հարյուր էջանոց բառաշատ նկարագրությունները, խճճված ու երբեմն ավելորդ մանրամասներով շարադրանքը։
Սակայն թարգմանաբար այս գիրքն ավելի է բարդանում, քանի որ պատմության մեջ շատ է ամերիկա-հրեական կոնֆլիկտին վերաբերող հղումներն ու ակնարկները, որոնք, գուցե, «թեմայից դուրս» մարդկանց համար անհասկանալի լինեն՝ ինչպես հենց նույն բար-միցվան, որը սպասում էր Սեմ Բլոխին։
Ինչ վերաբերում է վեպի հումորին (այն ի սկզբանե որպես հումորային վեպ է ներկայացվել ու գրվել), հիշեցնենք, որ դրանք ևս հիմնականում լեզվական հումորներ են, այդ իսկ պատճառով, օրինակ, թարգմանության մեջ թարգմանիչը նախընտրել է դրանք ոչ թե բառացի թարգմանել, այլ բացատրել։ Տպավորություն է ստեղծվում, թե թարգմանիչը տողատակերով հուշում է, թե որտեղ պետք է ծիծաղալ, քանի որ այլ տարբերակ ուղղակի չունի․ բնօրինակով կամ բառացիորեն թարգմանված հումորները ևս անհասկանալի կլինեին։
Գալինա Յուզեֆովիչ
Meduza
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։