Bestseller ռեվյու
Ժամանակակից գրականության մեջ ամենաառեղծվածային հեղինակներից մեկը` Էլենա Ֆերանտեն, շարունակում է թաքցնել իր իսկական անունը: Իտալացի գրողը հրաժարվում է դեմ առ դեմ հարցազրույցներից, չունի լուսանկարներ, և ոչ ոք չգիտի գրական կեղծանվամբ ներկայացող անձի իսկական անունը: 1991-ին առաջին գիրքը տպագրելուց հետո, Ֆերանտեն նամակ գրեց խմբագրին ու ասաց, որ չի գովազդելու գիրքը. «Գրողի անունը չպետք է կապ ունենա գրքի հետ: Եթե հեղինակն ինչ-որ բան ունի ասելու, անպայման կգտնի իր ընթերցողնին, եթե չունի ասելիք, ուրեմն ոչ ոք երբեք չի կարդա նրան` անկախ ինչ անունով է գրում»:
Ֆերանտեի գրքում 20-րդ դարի 50-ական թվականների Նեապոլի աղքատ թաղամասերն են, որտեղ կանայք փողոցներում իրար միս են ուտում, տղամարդիկ ծեծում են փոքր երեխաներին, եղբայրները քույրերին պատուհանից դուրս են նետում, իսկ գիրք կարդացողները համարվում են ամենավտանգավոր մարդիկ: Այստեղ մահն ու տառապանքը սովորական երևույթներ են, ինչպես առավոտյան նախաճաշի սթեյքը կամ տաք սուրճը:
Վեպի հերոսուհին` Հելեն Գրեկոն, պատմում է ընկերուհու` Լիլլային մասին, որի հետ փոքր տարիքից մտերմություն է արել մինչև նրա անհետանալը: Հելենը որոշում է գրել իր և մտերիմ ընկերուհու մանկության տարիների մասին` վերադառնալով 50-ականների Նեապոլ:
Երկու աղջիկները երազում են մեծանալ ու լավ աշխատանք ունենալ: Հելենն ու Լիլլան երկու մտերիմ ընկերուհիներ են, երկուսն էլ աղքատ ընտանիքներից. մեկի հայրը պահակ է, մյուսինը` կոշկակար: Նույն բակում ապրող հասակակից ընկերուհիները գնում են նույն դպրոցը, խաղում նույն խաղերն ու ամեն ինչ անում միասին:
Կան մարդիկ, որոնք ի ծնե օժտված են ամեն ինչ արագ մտապահելու և սովորելու նախանձելի ունակությամբ: Լիլլան հենց այդպիսին է, սիրում է կարդալ, սովորել ու ձգտում է իր գիտելիքներով ու սրամտությամբ տարբերվել բոլորից: Հելենն ավելի հանգիստ է և լիդերության չի ձգտում:
Գիրքը բաժանված է երկու մասի. առաջինում մանկահասակ աղջիկներ են, երկրորդում` հասուն անհատներ: Սյուժետային զարգացումներ չկան: Հեղինակն ընտրել է հուշերի միջոցով պատմելու միջոցը:
Գրքի հիմքում «ես»-ը գտնելու գաղափարն է ու անճոռնի ճուտիկից` սպիտակ կարապի վերածվելու երազանքը: Լավագույն ընկերության հիմքում իրականում մրցակցությունն է: Աղջիկները փորձում են մեկը մյուսից լավը երևալ:
«Իմ հրաշալի ընկերուհին» իտալական կարծրատիպերի մասին է: Անանուն հեղինակն ու ընթերցողը միասին բացահայտում են հնարավոր բոլոր ֆանտազիաները, մտերիմ ընկերուհիների վեճերն ու գաղտնիքները: Աղջիկների ընկերությունը մի կողմից` տարօրինակ է, մյուս կողմից` կանխատեսելի, որովհետև բոլոր դեպքերում ընկերուհիներն իրարից տարբեր մտածելակերպ, խառնվածք և բնավորություն ունեն: Լիլլան փորձում է իշխել Հելենի վրա`չգիտակցելով, որ դրանից տուժում է իրենց ընկերությունը: Ի վերջո նրանք բաժանվում են իրարից և շարունակում մեկը մյուսին գերազանցելու մրցավազքը: Եթե սերիալների սիրահար եք, սիրում եք ինտրիգային գրքեր կարդալ, ձեզ դուր են գալիս ամեն գլխում արագ փոփոխվող իրավիճակները, ապա մոտակա գրախանութում փնտրեք այս գիրքը:
Ի դեպ, Հելենի ու Լիլլայի մասին պատմությունը քառապատում է, և սա այդ շարքում առաջին գիրքն է։ Մյուս երեք գրքերը պատմում են այն մասին, թե ինչ եղավ ընկերուհիների հետ, երբ նրանք հասունացան:
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։