Bestseller ռեվյու
Աստված մանրուքներում է, իսկ սատանան` դետալներում, և նույնիսկ մարդու ճակատագրի ամենաաննշան տարբերությունները հանգեցնում են հետևանքային ահռելի տարբերությունների: Փոլ Օսթերի «4 3 2 1» վեպը հիասքանչ պատմություն է Արքիբալդ Այզեկ Ֆերգյուսոնի մասին, որն ապրում է 4 տարբեր կյանքերում: Օսթերի տեքստերը հագեցած են ու միևնույն ժամանակ` թեթև: Կարդալիս անընդհատ բացականչում ես` «Անհնար է, ախր...» կամ էլ` «Չի կարող պատահել...»: Այս արտահայտություններն ընթերցանության ամբողջ ընթացքում հետապնդում են ձեզ: Գրականության մեջ այն իսկական իրադարձություն է, որն արժանի է ընթերցման:
Ընթերցողը հերոսների հետ միասին վերապրում է նրանց հաճույքները, կյանքի դժվարությունները, ցավերն ու մահացու դավադրությունները: Գիրքը մեգահաստափոր է` 992 էջ: Բոլոր գլուխները բաժանված են 4 մասի` 1.1, 1.2, 1.3 և 1.4: Այն երկրորդ կյանք է տալիս ու ստիպում կարոտել գլխավոր հերոսին ու նրա խելահեղ կյանքը: Սա հանճարեղ ու տպավորիչ վեպ է, զարմանալի պատմություն, որտեղ կան հակասություններ, թերություններ, չափազանց մանր ու աննշան, բայց կարևոր դետալներ, ընկերություն, սեր, ընտանիք:
Գիրքն այն եզակիներից է, որը կարդալիս ուզում ես և չես ուզում, որ այն ավարտվի: Այն քեզ դուր է գալիս, և դուր չի գալիս միաժամանակ: Հակասական զգացողություններն անխուսափելի են: Վեպում հաճախ փնտրում ես մի բան, ինչը նախկինում երբեք չես տեսել ու չես կարդացել: Փնտրում ես անծանոթ զգացողություններ ու գտնում դրանք: Հեղինակը գրել է պարզ, հասարակ, ու հասկանալի: Եվ որքան հասարակ է վեպը, այնքան ավելի շքեղ է ու բարդ: Վեպի մասին կարծիքները տարբեր են: Ինչու՞ չգրել ինքնակենսագրություն ու փոխարենը գրել մի բան` 4 տարբեր ձևերով: Սա մարտահրավե՞ր է հեղինակի համար: Օսթերը կարծես խաղ է անում ընթերցողի ու նրա բանականության հետ` ասելով` «Ես ձեզ ոչ թե մեկ, այլ 4 պատմություն կպատմեմ, այնքան հասարակ, որ դուք դրանից կտրվել պարզապես չեք կարողանա: Փոխարենը կկարդաք ու լաց կլինեք»:
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։