Bestseller ռեվյու
Երևանի էրեբունի համայնքում երկու մեծ բազմահարկ կա։ 9-հարկանի, 16 և 14 մուտքով (դե, մուտքերի քանակը կարող է շփոթած լինեմ)։ Ամեն շենքը միջին վիճակագրական մի գյուղ է։ Այդ երկու շենքերում հիմնականում ապրում էին Նաիրիտի աշխատակիցները։ Մեծ համայնք էր` առույգ, աշխույժ, երիտասարդ ընտանիքներ։ Բոլորը միասին էին տեղափոխվել, ընտանիք կազմել, երեխա ունեցել։ Շատ հաճախ նույնիսկ երեխաները` մեծանալով, մի մուտքից մյուսը հարս էին գնում կամ հարս բերում։ Երբ Նաիրիտը փակվեց, այդ երկու մեծ շենքերի կենսառիթմը փոխվեց։ Մարդիկ ընկճվեցին, մթնոլորտը բակում լարվեց։ Հետո թշնամացան, օտարացան, սկսեցին կռվել։ Հիմա դրանք համայնքի ամենադեպրեսիվ ու վտանգավոր շենքերից են։
Ոչ միայն մեզ մոտ է այդպես։ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգը հայտնի էր իր մեքենաշինությամբ և ծանր արդյունաբերությամբ։ 90-ականներին, երբ գործարանները տեղափոխվեցին Չինաստան, մի ամբողջ շրջան գործից զրկվեց։ Մի քանի տասնյակ քաղաքներ, հազարավոր ընտանիքներ հայտնվեցին աղքատության շեմին։ Բոլորը միանգամից աղքատացան։
Ամերիկացի գրող Ֆիլիպ Մեյերի վեպը հենց այդպիսի մի քաղաքի մասին է։ Ինչպես են այնտեղ ապրում, երբ գործազուրկ է քաղաքի բնակիչների 90 տոկոսը, երբ հեռացել են ունակները, մնացել են ծերերն ու ճարահատյալները։ Վեպը երկու ընկերոջ մասին է, որոնցից մեկը փորձում է հեռանալ քաղաքից, մյուսը որոշել է մնալ։ Ընդ որում, երկուսն էլ մնում և հեռանում են ծնողների պատճառով։ Երկուսի ծնողներն էլ գործարանների փակվելուց հետո անձնական ու ընտանեկան դժբախտություն են ապրում։ Մեկում ընտանիքի մայրը ինքնասպան է եղել, մյուսում՝ դարձել գրեթե անդամալույծ, որից հեռացել է ամուսինը։
Դետեկտիվի էներգետիկայով ու տրամաբանությամբ գրված վեպը սոցիալական դրամա է, որտեղ և՛ հանգամանքները, և՛ ճակատագրերը կարող են նման լինել։ Չէ՞ որ այդպիսի «ժանգի» վերածվեցին հետխորհրդային բազմաթիվ քաղաքներ, ռեգիոններ, մարդիկ։ Մեյերը փորձում է պատասխանել հարցին՝ ինչպես ապրել «ժանգի» մեջ։
Սա ամերիկացի գրողի առաջին ու բազմաթիվ մրցանակների արժանացած գիրքն է, որտեղ պատմությունը ներկայացնում են գլխավոր հերոսները՝ առաջին դեմքից։ Այս տեխնիկան հեղինակը կօգտագործի իր հաջորդ՝ «Որդին» վեպում, որը կդառնա Պուլիցերյան մրցանակի հավակնորդ (մրցանակը կտան Դոննա Տարտին)։
Մեյերը ժամանակակցի ճշգրտությամբ գրում է սոցիալական խնդիրների մասին, բայց դրանք չի դարձնում սոցիալական մանիֆեստ, ոչ էլ սոցիալիստական կոչերով քարկոծում է կապիտալիզմը։ Նա նկատում է, որ ամերիկացիներն այդպիսին չեն. իրենց խնդիրների մեջ մեղադրում են առաջին հերթին հենց իրենց, և ոչ թե փակված գործարանի տնօրինությանը կամ իշխանությանը։ Այդ մոտեցմամբ էլ գիրքն է գրված. մի ամբողջ ռեգիոնի մի քանի սերնդի ճակատագիր է ներկայացվում՝ առանց մեղավորներ փնտրելու, բայց բավականաչափ դիպուկ և զգացունքային։
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։