Աղջիկ ջան ուշքի արի

Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Աղջիկ ջան, մի արդարացիր

Rated 5.00 out of 5

Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։

Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։

Գաղտնավայր

Rated 4.00 out of 5

Ամիսներ շարունակ դպրոցական տղայի սպանության առեղծվածը մնում էր չբացահայտված: Մեկ տարի առաջ, հարակից «Աղջիկների դպրոց»-ի բակում գտնում են սպանված տղայի մարմինը: Գործը վարող քննիչը պատկերացում անգամ չուներ, որ դպրոցում սովորող աղջիկները կարող են ավելի վտանգավոր լինել, քան ամենասարսափելի մարդասպանը: Առանց այդ ամենը կանխատեսելու նա հայտնվում է վտանգավոր լաբիրինթոսում, որից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ: Թանա Ֆրենչի առեղծվածային դրաման կստիպի ձեզ պինդ փակել սենյակի դուռը, միացնել լույսն ու 600 էջանոց վեպը կարդալ մի քանի ժամում:

Թքած ունենալու նուրբ արվեստը

Rated 5.00 out of 5

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը:  Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Մենությունից ավելի քաղցր

Rated 5.00 out of 5

Յուն Լիի նոր գրքում երիտասարդ գեղեցկուհու առեղծվածային սպանությունն է, որը տարիներ շարունակ տանջում է 3 ընկերներին:
Փոքր ժամանակ Մորանը, Ռույուն և Բոյանը առեղծվածային սպանության մասնակից են եղել, որի ժամանակ իրենց ընկերներից մեկը մահացու թունավորվել է: Մեծանալով երեք ընկերները բաժանվել են և ամեն մեկը աշխարհի մի ծայրում նոր կյանք է սկսել: Մորանն ու Ռույուն ապրում են Ամերիկայում, իսկ Բոյանը` Չինաստանում: Անցյալի հանցավոր մութ էջերը տանջում են երեքին էլ հավասար: Ռույուն Կալիֆորնիայում որպես խնամակալ է աշխատում և հոգ է տանում տեղացի մի կնոջ ծնողների: Մորանը Վիսկոնսինում այցելում է իր նախկին ամուսնուն, ում չափից դուրս շատ բարության պատճառով Մորանը նախընտրեց միայնակ մնալ: Բոյանը անցյալում կատարվածի պատճառով չի կարողանում երջանիկ կյանք կառուցել:  

Մարդկային բնության ու կյանքի մասին «Մենությունից ավելի քաղցր» վեպը Յուն Լին գրել է յուրահատուկ զգայունությամբ` ներկայացնելով անցյալի դառը ազդեցությունը ներկայի ու ապագայի վրա:

Պատուհանի աղջիկը

Աննա Ֆոքսը մեկուսացել է իր Նյու Յորքի տանն ու խուսափում է դրսի աշխարհի հետ շփումից: Ամբողջ օրը Աննան գինի է խմում, նայում է հին ֆիլմեր, վերհիշում երջանիկ ժամանակները, և … և երբեմն էլ գաղտնի հետևում իր հարևաններին ու լուսանկարում: Շուտով Ռասելների ընտանիքը բնակություն է հաստատում Աննայի տան մոտակայքում: Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երբ մի օր Աննան պատուհանից թաքուն նայելիս տեսնում է մի բան, ինչը չպետք է տեսներ: Աննա Ֆոքսի կյանքը սկսում է փլուզվել:
Իրակա՞ն է, թե՞ պարզապես երևակայության արդյունք: Ո՞վ է վտանգի մեջ: Ի՞նչ է կատարվում: Ա. Ջ. Ֆիննի սարսափազդու թրիլլերը կստիպի ձեզ գիշերն արթուն մնալ:
Ա. Ջ. Ֆիննի «Պատուհանի աղջիկը» գիրքը գլխավորում է New York Times-ի բեսթսելլերների ցուցակը:

Սիրո 5 լեզուները

Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառք: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Տուր ձեռքդ, պստլո

Գուրեգեն Խանջյանի 5-րդ վեպն ամփոփում է հեղինակի կյանքի կարևոր փուլերն ու գրական փորձը: Հին Երևանի փողոցներից մինչև մարդիկ, որոնք կային ու հիմա չկան: Քաղաքի հին կոլորիտն ու սրճարանները, ամեն քարն ու ասֆալտի կտորը պահպանելու համար, հեղինակը որոշեց գրել դրանց մասին, որ հանկարծ չմոռացվեն: Վեպն ընթերցելիս անցնում ես Խանջյանի մանկության և պատանեկության փողոցներով, տեսնում քաղաքն այնպես, ինչպես հեղինակն է տեսնում և զգում: Վեպի հիմքում մեր կյանքն է` ոչ ավելին, ոչ` պակաս, մեր վերաբերմունքը, որոշումները, վճիռներն ու աշխարհայացքը: Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն ժամանակների ու իրականությունների մեջ մոլորված մարդու մասին է: