Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից:
Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:
XXI դարի 21 դասերը
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
- – Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
- – Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
- – Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
- – Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
- – Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
- – Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
- – Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:
21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:
Բրենդի հեղափոխություն
Ինչպե՞ս ստեղծել ընկերության յուրօրինակ պատմություն՝ սեփական արտադրանքն անդիմադրելի դարձնելու համար: Բեսթսելլեր գրող Գրեգորի Դիլի Բրենդի հեղափոխություն գիրքն ուղեցույց է բոլոր սկսնակ բիզնեսմենների համար: Հեղինակը վստահ է, իր գիրք-ուղեցույցը ձեռնարկատերերին կօգնի ձևավորել հաջողակ բրենդ ու դառնալ առաջատար: Գրեգորի Դիլի գիրքը գլխավորում է Ամազոնի բեսթսելլերների ցուցակը: Այն հասցրել է ամբողջ աշխարհում բազմաթիվ ձեռնարկատերերի օգնել, որ բացահայտեն հաջողակ բիզնեսի գաղտնիքներն ու տարբերվեն միլիոնավոր ընկերություններից: Այս գիրքը կօգնի ճամփորդել անձնական հայտնագործության և արժեհամակարգի ստեղծման աշխարհում: Այդ ճամփորդության ընթացքում պետք է պատրաստ լինել ստանալ այնպիսի բարդ հարցերի իրական պատասխանները, ինչպիսիք են՝ «Ո՞վ եք Դուք», «Ինչի՞ եք փորձում հասնել այս աշխարհում»: Պարզապես մի կողմ դնելով այն ավանդականը, ինչ գիտեք գործարարության մասին, Ձեր բիզնեսը կդարձնեք ավելի հաջողակ:
Թքել ենք բոլորս
Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ ավելի ազատ են, ավելի առողջ և հարուստ, քան իրենցից առաջ՝ մարդկության պատմության բոլոր փուլերում: Բայց թվում է, թե ամեն ինչ անդառնալիորեն վատացել է՝ մոլորակը տաքանում է, կառավարությունները տապալվում են, տնտեսությունը՝ քանդվում, բոլորը Twitter-ում նեղսրտում են: Պատմության այս ժամանակահատվածում, երբ ունենք տեխնոլոգիաներ, կրթություն, հաղորդակցություն, որոնց մասին մեր նախնիները կարող էին միայն երազել, մեկ է, շատերը շարունակում են անհույս վիճակում մնալ:
Ի՞նչ է կատարվում: Միայն մի մարդ է կարող մի բառով նկարագրել այս ամենը՝ Մարկ Մենսոնը: Նա 2016-ին հրատարակեց «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որը փայլուն նկարագրեց այն մտահոգությունները, որոնք ներթափանցում են մեր կյանք: Նա ցույց տվեց, որ տեխնոլոգիաների պատճառով տարածվել է այն մեծագույն սխալը, թե աշխարհը մեզ պարտական է: Մեր մշակույթն էլ է մեզ համոզել դրանում: Եվ ամենավատն այն է, որ երջանկության հասնելու անհագ ծարավն իրականում մեզ ավելի դժբախտ է դարձրել: Եվ այդ ամենի «նուրբ արվեստը» դարձավ մարտահրավեր. ընտրիր տառապանքդ, որպեսզի կենտրոնանաս ու գտնես այն ցավը, որին ուզում ես դիմակայել: Ու գրվեց մի գիրք, որը դարձավ միջազգային ֆենոմեն, վաճառվեց միլիոնավոր օրինակներով ու 13 երկրում դարձավ № 1 բեսթսելլերը:
Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:
Իլոն Մասկ
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:
Ինչպես հասցնել բոլոր գործերը
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար:
Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները
Սովորության ուժը
Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում:
Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում: Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան եւ ուղեղի աշխատանքը: Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարեւոր են եղել, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի եւ Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում:
Մենք ներթափանցում ենք Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, խոշորագույն հոսպիտալներ եւ տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգեւում եւ որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը: «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստ է. պարբերաբար մարզվելու, ավելորդ քաշից ազատվելու, բացառիկ երեխաներ դաստիարակելու, ավելի արդյունավետ դառնալու, նորարարական ընկերություններ հիմնելու, քաղաքացիական շարժումներ սկսելու եւ հաջողության հասնելու բանալին սովորությունների մեխանիզմը հասկանալն է: Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, այս նոր գիտելիքով զինվելով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը եւ կյանքն ընդհանրապես: