Bestseller ռեվյու
Սելեստա Ինգի գիրքը 2015 թվականի բեսթսելլերներից է, մի քանի շաբաթ գլխավորել է Նյու Յորք Թայմսի գեղարվեստական գրքերի ամենաշատ վաճառվածների ցուցակը։ Ու դա պատահական չէ, որովհետև Սելեստան բարձրացնում է երկու ֆունդամենտալ խնդիր, որին առնչվում են կամ կարող են առնչվել շատերը։
Վեպն առաջին հերթին մի ընտանիքի մասին է, որի բավականաչափ կիրթ ծնողները, լավագույն ցանկություններից դրդված և ցանկանալով հաղթահարել իրենց իսկ մանկական բարդույթները, իրենց երեխաներին պարտադրում են այն, ինչ իրենք ժամանակին չեն ունեցել և ինչից զրկված են եղել։ Ընդ որում, հոր և մոր ցանկությունները տարբեր են։ Հայրը ցանկանում է ինտերգրվել դպրոցական միջավայրին, լավագույնների հետ ընկերություն անել, մայրը` դստեր միջոցով շարունակել կիսատ թողած կրթությունը։
Ու ամեն մեկը` իր երեխաների միջոցով, սեփական բարդույթները հաղթահարելու ճանապարհին, իսկական դժոխքի է վերածում այդ երեխաների կյանքը, որոնք երեքն են՝ երկու աղջիկ ու մի տղա։ Վեպը նրանցից մեկի՝ Լիդիայի վաղաժամ մահվան պատճառների մասին է։ Այն բացահայտելով՝ հեղինակը նկարագրում է ընտանիքի խնդիրների պատմությունը՝ ծնողների մանկությունից մինչև Լիդիայի մահ ու դրանից հետո։ Երկրորդ թեմատիկ շերտով Սելեստան վերհանում է հանրային սոցիումի մեջ օտարների ինտերգրման խնդիրը։ Լի ազգանունով ընտանիքում հայրը չինացի է, մայրը՝ սպիտակամաշկ, երեխաները՝ ասիական արտաքինով կապուտաչյաներ։ Փոքրիկ ամերիկյան քաղաքում 1977-ին սա այնքան արտառոց էր, որ երեխաները դա չէին էլ թաքցնում։ Գուցե թեման ակտուալ էր այդ տարիներին, բայց օտարներ միշտ էլ կան մեր հարևանությամբ, այն էլ հիմա, երբ աշխարհը ողողել են փախստականները։ Չէ՞ որ հայերս էլ ենք օտար, երբ գաղթում ենք այլ երկրներ։ Այդ դեպքում ինչպե՞ս ինտեգրվել, ինչպե՞ս դառնալ յուրային: Ու ամենակարևորը. երեխաներին ինչպե՞ս սոցիալացնել՝ առանց նրանց սթրես կամ նոր բարդույթ պարգևելու։ Վեպի հերոսները սա գրեթե չեն կարողանում։ Սոցիալացումը դառնում է հոր և իր երեխաների ամենամեծ ողբերգությունը, նրանց ֆիասկոն, որը ձգվում է մի ամբողջ կյանք։ Սա պատմություն է ընտանեկան չստացված ադապտացիայի մասին, որից կարելի է դասեր քաղել։
Կա նաև 3-րդ` ոչ այքան ակնառու շերտը. դպրոցական բուլինգը: Սրան ամեն օր բախվում են Լի ընտանիքի բոլոր երեխաները։ Բուլինգը կամ ծանակումը, միշտ էլ եղել է, բայց հիմա կարող է այնքան ցավոտ լինել, որ դառնա ճակատագրական։ Այդ պատճառով շատ կարևոր է սեփական երեխաներին բացատրելը, թե որքան վնասակար է այն: Պետք է զրուցել նրանց հետ`հասկանալու համար, թե տուժե՞լ են դրանից։
Վեպը ներկայացնում է ասիական ընտանիքի ողբերգության ամենախորը պատճառներից մեկը. ընտանիքի անդամները միայն առաջին հայացքին են միմյանց հետ մտերիմ։ Մինչդեռ ավելի ուշադիր նայելու դեպքում տեսնում ես, որ ծնողներն ազնիվ չեն երեխաների հետ, երեխաներն` իրենք իրենց հետ, դուստրերը՝ մայրերի, որդիները՝ հայրերի։ Վեպը լուծումներ չի առաջարկում, չի մեղադրում ոչ մեկին։ Հերոսներն ու պատմությունն այնքան տպավորիչ են, որ եզրահանգումը այն կդարձներ ավելի պրիմիտիվ: Մինչդեռ վեպի հմայքը այդ փոքրիկ ընտանիքի խնդիրների վերհանումն է։
Մեծ հաշվով կարևոր չէ, թե որոնք են այդ խնդիրները, չէ՞ որ, ըստ Տոլստոյի, բոլոր ընտանիքները դժբախտ են յուրովի, այլ է դրանց հաղթահարման ուղին։ Իսկ այն բարդ չէ, ունիվերսալ է. պետք է ընտանիքում լինել բաց, ազնիվ, լսել միմյանց և փորձել ճանաչել սեփական երեխաներին և ոչ թե ձևավորել նրանց մասին ձեր իդեալն ու ամեն օր սնել այդ երազանքը։ Այդպես չի լինում։ Այդպես չի ստացվի։ Կարդացեք ու կհամոզվեք։
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։