Bestseller ռեվյու
Ինչպե՞ս կվերաբերվեիք մի գրքի, որը ստացել է 2017 թվականի Բուքերը՝ աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը: Այս գրքի մասին գրում են. «Վեպ-գլուխգործոց` տրանսռեալիզմի պրոգրեսիվ ժանրում»: Առավել ևս, որ վեպի իրադարձությունները տեղի են ունենում Բարդոյում՝ քավարանում, որն, ըստ բուդդայականության, կյանքի ու մահվան սահմանային վայրն է։
Ըստ գրականագետների, «Կարճ արձակի փայլուն վարպետ Սոնդերսը գրել է վերիրական կյանքով ապրող ընտանիքի ողբերգության մասին: Եվ դա արել է` մի կողմ դնելով ժանրային բոլոր պայմանականությունները։ Էդգար Պոյի և Հերման Մելվիլի հետևորդը «Լինկոլնը Բարդոյում»վեպում միավորել է պոետիկությունն ու պատմական իրողությունը: Վեպը կառուցելված է ԱՄՆ նախագահի ու նրա փոքրիկ որդու հետ պատահած իրական դեպքերի հիման վրա»։Ահա այսպիսի բիբլո-գովազդից հետո, չկարդացողն, ինչպես ասում են «Անտարեսում», փիղ է։
Վեպը բաղկացած է երկու իրար հաջորդող մասերից։ Առաջինում` հեղինակի նկարագրած քավարանում, զրույցներն են. խոսում են մահացած, բայց դժոխք ու դրախտ դեռ չգնացած մարդիկ։ Երկրորդ մասում իսկական ու իրական մեջբերումներ են ամերիկյան մամուլից ու ամերիկացիների հուշերից։ Մեջբերումներն ու հուշերը վերաբերում են մի դեպքի. թե ինչպես ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնի ավագ որդին մահացավ տիֆից։ Սոնդերսը մանրակրկիտ ուսումնասիրել է այդ ժամանակների արխիվը և բացառիկ մեջբերումներով մի ամբողջ ժամանակահատված է կառուցել։
Քավարանային զրույցների գլխավոր հերոսը Լինկոլն է և նրա մահացած որդին: Քավարանի բնակիչները տեսնում են թե ինչպես է ԱՄՆ նախագահը այցելում իր մահացած որդու շիրմին, ինչպես է փորձում զրուցել նրա հետ, հրաժեշտ տալ։ Լինկոլնի հրաժեշտին հետևում է նաև մահացած որդու հոգին։
Գրքի առաջին 100 էջը նրանց համար է, ովքեր կարող են կարդալ ու կեսից թողնել գիրքը։ Երկրորդ մասն այն ընթերցասերների համար է, որոնք ոչ մի դեպքում անավարտ չեն թողնում գիրքը։ Ու այդ պատճառով տանջվում են մինչև վերջ։ Թեև պետք է նկատել, որ 150-րդ էջից հետո ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է դառնում, քաոտիկ սյուժեն միս ու արյուն, տրամաբանություն է ստանում, հերոսներն էլ՝ ուղեգրեր դեպի դրախտ կամ դժոխք։
Այս վեպը կարող են վայելել միայն նրանք, ովքեր սիրում են գրական համարձակ էքսպերիմենտներ։ Հենց այդ պատճառով գրքի մասին ռեվյուների մեջբերումները ոչ թե մամուլից են, այլ հենց գրողներից։ Համարձակ, հետաքրքիր, ուշադրության արժանի վեպ է, բայց ընթերցողների մեծ շրջանակի համար։ Նրանց համար, ովքեր գնահատում են գրական համարձակ էքսպերիմենտները և, ինչպես սկզբում է ասված՝ պրոգրեսիվ տրանսռեալիզմը։
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։