Bestseller ռեվյու
«Ամեն չասվածը» բեսթսելլերից հետո Սելեստա Ինգի նոր վեպը էլի դարձավ սուպերբեսթսելլեր՝ մի քանի տասնյակ շաբաթ մնալով ամենաշատ վաճառված գրքերի ցանկում։Ու ինչպես միշտ, Սելեստան գրում է ընտանիքի մասին։
Բայց այս անգամ ավելի խորը, ավելի համոզիչ ու պակաս ողբերգական։ Հարուստ ու փոքր ամերիկյան քաղաք են գալիս մայր ու աղջիկ, վարձով բնակարան վերցնում տեղացի, ոչնչով աչքի չընկնող, «միջինից բարձր եկամուտ ու դիրք ունեցող» ամերիկյան ընտանիքից։ Վեպը սկսվում է այն պահից, որ այդ ամսագրի շապիկից իջած գեղեցիկ ամերիկյան ընտանիքի անդամները կանգնած են իրենց այրվող տան դիմաց ու վստահ են, որ դա արել է ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 15-ամյա Իզին։
Ինչպե՞ս կառուցել ընտանիք, ի՞նչ սկզբունքների հիման վրա, ինչպե՞ս ապրել. ունենալով կանոննե՞ր, թե՞ արժեքներ, հստակ գնալով կանխատեսելի ճանապարհո՞վ, թե՞ ավելի թեթև նայելով ճակատագրին ու ապագային։ Այս գիրքը բարձրացնում է այս հարցերը, ներկայացնում երկու, իրարից տարբեր մայրերի ճակատագրեր, բայց չի տալիս գլխավոր հարցի պատասխանը. ի՞նչ անել։ Ոչ այն պատճառով, որ պատասխանը բարդ է, ոչ էլ այն պատճառով, որ այն չկա։ Ոչ։ Ուղղակի չկա սխալ ու ճիշտ պատասխան։ Կան ուղիներ, որոնցով ապրում ես։ Այստեղ ընդամենը մեկ հարց է կարևոր. էական չէ, դու ես ընտրել այդ ուղին, թե քո փոխարեն, էական է, թե որքանով ես դու երջանիկ ու որքանով է քո բարի մտադրություններն իրականում օգտակար քո իսկ երեխաների համար։
Հետաքրքրական է, որ վեպում իրադարձությունները զարգանում են 90-ականներին, երբ բջջայիները դեռ շրջանառության մեջ չէին, sms֊-ներն ու չատերը նույնպես, երբ երեխաները հեռանալուց գրում էին երկտող։ Այդ իմաստով, Սելեստայի հերոսներն, իրենց դժվարություններով հանդերձ, դեռ որոշակի «ջերմոցային» պայմաններում են։ Հերիք չէ, որ փոքր ու ապահով քաղաքում են, դեռ մի բան էլ ավելին՝ 90-ականներում։ Իսկ ինչ կլիներ նրանց հետ նոր հազարամյակում, երբ ամեն ինչ կարող է փլվել ու ստեղծվել, ոչնչանալ կամ ոչնչից ամեն ինչ դառնալ մեկ լայքի շնորհիվ կամ պատճառով։
Թեև մյուս կողմից, չնայած մեր թվային ակտիվությանը ու շրջապատող նոր իրականությանը, ու անկախ նրանից թե ինչպես և որտեղ ենք հաղորդակցվել, չէ որ զգացմունքները նույնն են, խնդիրները նույնպես։ Պարզապես հաղորդակման խողողավակներն են փոխվել և ինտենսիվությունը։
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։