Բոլոր գրքերը

100 Մոնոլոգ

newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:

4321

Փոլ Օսթերի ամենահանճարեղ ու ամենատպավորիչ վեպը զարմանալի մի պատմութուն է ժառանգության, ընտանիքի, սիրո ու կյանքի մասին: Մեկ մարդ, չորս զուգահեռ կյանք: 1947 թվական, մարտի 3: Նյու Ջերսիի հիվանդանոցներից մեկում ծնվեց Արքիբալդ Իսաակ Ֆերգյուսոնը` Ռոզ և Սթենլի Ֆերգյուսոնների միակ որդին: Հենց դրանից հետո Ֆերգյուսոնի կյանքը միաժամանակ բաժանվեց իրարից անկախ ու տարբեր 4 ճանապարհների. նույն ԴՆԹ-ով ստեղծված 4 Ֆերգյուսոններն ապրում են 4 զուգահեռ կյանք: Նրանց ճակատագրերը տարբերվում են միմյանցից: Դրանք աթլետիկ ունակությունների, սեռական կյանքի, ընկերության ու կրքերի իսկական հակադրություններ են: Ֆերգյուսոններից յուրաքանչյուրը տարվում է չքնաղ Էմի Շնեյդերմենով և կրկին տարբեր ու ինքնատիպ հարաբերությունների մեջ մտնում Էմիներից յուրաքանչյուրի հետ: 4 տարբեր պատմություններ մեկ կյանքի մասին, որոնք դասավորվում են տարբեր կերպ` կախված ամենաաննշան դետալներից:

Becoming. Իմ պատմությունը

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:

Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ եւ ինչու է ստացել SNAKE մականունը:
Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կա- տարած այցերին, պատմություններին, հիշողություններին:
Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն եւ Ժան Ջորկաեֆը:
Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյա- ջյանն է։

XXI դարի 21 դասերը

Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

  1. – Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
  2. – Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
  3. – Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
  4. – Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
  5. – Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
  6. – Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
  7. – Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Ալի. աշխարհի արքան

Մուհամեդ Ալին, որը դեռ հայտնի էր որպես Կասիուս Քլեյ, 1964-ի փետրվարի 25-ին ռինգ մտավ Սոնի Լիստոնի հետ: Ալիին համարում էին նյարդայնացնող ու տարօրինակ մարզիկ, որը մենամարտում էր պարելով ու չափազանց շատ էր խոսում: Վեց ռաունդից հետո Ալին ոչ միայն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր, այլեւ «նոր տեսակի սեւամորթ», որը կարճ ժամանակ անց վերափոխելու էր Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը եւ հերոս լինելու մասին պատկերացումները:
Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին եւ նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչեւ Սոնի Լիստոնի եւ Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների եւ մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի եւ առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները:
«Աշխարհի արքան» գիրքն արժանին է մատուցում բոլոր ժամանակների մեծագույն մարզիկին եւ հզոր էներգիայով օժտված անձանցից մեկին՝ ընդգծելով նրա արագությունը, վայելչությունը, քաջությունը, հումորի զգացումը եւ հզոր ոգին:

Աղջիկ ջան ուշքի արի

Rated 4.67 out of 5

Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Աղջիկ ջան, մի արդարացիր

Rated 5.00 out of 5

Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։

Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։

Աղջիկները

Rated 3.50 out of 5

Էմմա Քլայնի դեբյուտատային «Աղջիկները»  վեպը տպագրվել է 2016-ին: Գրքի համար Random House-ը Քլայնին 2 միլիոն դոլար է առաջարկել` հետագայում ավելի բարձր գնով գրքի հեղինակային իրավունքները վաճառելով 11 այլ հրատարակչությունների: Գիրքը ներկայացնում է 1960-ականների Ամերիկան, երբ շուրջբոլորը սեքսուալ ազատություն էր, տարբեր տեսակի աղանդներ ու հիպպիական համայնքներ։ Հենց այդ ժամանակ անչափահաս Էվան ծանոթանում է այդպիսի մի խմբի հետ, որոնք մեծ հաշվով երիտասարդ թմրամոլ մարդասպանների էին։ Բայց երբ դու 14 տարեկան ես, և ուշադրության, սիրո և սեքսի կարիք ունես, չես նկատում վտանգները, դառը ճշմարտությունը և այն ռիսկային արարքները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Քլայնի գիրքը անչափահասության զգայունության և վտանգի մասին է։ Քլայնի «Աղջիկները» 3 ամիս անընդմեջ գլխավորել է  The New York Times-ի բեսթսելլերների ցուցակը:

 

Ամեն չասվածը

«Լիդիան մեռած է. այդ մասին դեռ ոչ ոք չգիտի». այսպես է սկսվում 70-ականների Օհայոում ապրող չին-ամերիկյան ընտանիքի պատմությունը: Լիդիան ընտանիքի սիրելի երեխան է: Ծնողները հուսով են, որ աղջիկը կմեծանա ու կհասնի իր երազանքներին ու կանի այն, ինչ իրենք չկարողացան անել: Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ լճի ափին հայտնվում է Լիդիայի դիակը: Երջանիկ ընտանիքն ավազե դղյակի պես փլվում է` վերածվելով քաոսի:

Սելեստա Ինգի «Ամեն չասվածը» վեպն` այն մասին, թե ինչ գաղտնիքներ են թաքցնում ընտանիքի անդամներն իրարից: Վեպը պատմում է մայր-դուստր, հայր-որդի, կին-տղամարդ հարաբերությունների մասին, և թե ինչպես են բոլորը տանջվում` մեկը մյուսին հասկանալու համար:

Ամենուր կրակի լեզվակներ են

Խաղաղ ու անհոգ Շեյքեր-Հայթս կոչվող փոքր քաղաքում ամեն ինչ չափված ձևված է՝ սկսած քաղաքի փողոցներից մինչև միանման ու միագույն տներ: Ոչ ոք չի սիրում քաղաքը այնքան, որքան Էլենա Ռիչերդսոնը՝ իդեալական մայր և կին, որը սիրում է շարժվել հստակ կանոններով: Գեղեցիկ ու կանոնակարգված թագավորությունում մի օր հայտնվում են նկարչուհի, միայնակ մայր Միա Ուորենն ու իր դուստր՝ Փերլը: Նրանք վարձակալում են Ռիչերդսոնի բնակարանը: Շուտով Միան ու Փերլը դառնում են ավելին, քան հասարակ վարձակալներ: Վեպում դեմ առ դեմ պայքարի մեջ են մտնում քաոսն ու կանոնակարգված կյանքը:

Սելեստա Ինգի նոր վեպը բազմաշերտ պատմություն է երկու ընտանիքների մասին, որտեղ չկան սևեր ու սպիտակներ, հերոսներ և հակահերոսներ: Գիրքը նման է բարոյական սկզբունքներից, զգացմունքներից, հավակնություններից և անցյալի սխալներից հյուսված հսկա ցանցի: Սելեստայի վեպը՝ դետեկտիվ ժանրին բնորոշ անկանխատեսելիությամբ ու թրիլլերին բնորոշ տեմպով, կստիպի ձեզ երկար մտածել այս գրքի մասին:

Ամերիկանա

Սիրահարված պատանիներն ապրում են Լագոսում (Նիգերիա), որտեղ ռազմական դիկտատուրայի հետևանքով մարդիկ լքում են երկիրը: Իֆեմելուն գնում է Ամերիկա` երջանիկ կյանք որոնելու, նրա սիրած տղան` Օբինզեն, նույնպես մտադիր էր մեկնել Ամերիկա` իր սիրելիի մոտ: Սակայն Ամերիկայում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները փոխում են թռիչքի ուղղությունը. տղան հայտնվում է Լոնդոնում:

13 տարի անց աղջիկն արդեն հայտնի լրագրող և բլոգեր է, տղան` հայտնի մեծահարուստ: Այրվող ու պայթող Նիգերիայից մինչև ազատ ու անհոգ Ամերիկա. նիգերացի գրողը պատմում է ռասիզմի դրսևորումների և սեփական ես-ը գտնելու դժվարությունների մասին:

Ամերիկյան ժանգ

Ֆիլիպ Մեյերի «Ամերիկյան ժանգ» վեպը պատմություն է կորած ամերիկյան երազանքի ու հուսահատության մասին, որտեղ կյանքի փլատակներից ծնունդ են առնում սերն ու ընկերությունը: Ակումբային կյանքից մինչև գնացքի գծեր, որի վերջին կայարանը` բանտն է, Մեյերը պատմում է 2 երիտասարդ տղաների մասին, որոնք երազում են ապագայի մասին` գործարաններից ու լքված տներից այն կողմ:    

Մոր ինքնասպանությունից հետո Այզեկը մնում է միայնակ` խնամելու զառամյալ հորը, իսկ քույրը փախչում է Յեյլ: Հայտնվում է Այզեկի մտերիմ ընկերն ու միասին որոշում են հեռանալ քաղաքից, որտեղ գործարաններն այնքան շատ են, որ թվում է ամբողջ քաղաքը ժանգով է պատված: Կյանքն այլ ընթացք է ստանում, երբ մտերիմ ընկերներն փորձում են դուրս գալ ժանգից ու հայտնվել ժամանակակից աշխարհում

Մեյերի «Ամերիկյան ժանգ»-ը վեպը տրանսցենդենտալ պատերազմների, սահուն իրականության, սիրո և ընկերության մասին է:

Այստեղ եմ

 11 տարի անց Ֆոերի սրտում կուտակված հարցերն ու զգացմունքները, հեղինակը պատմում է հուզիչ առանձնահատկություններով: «Այստեղ եմ» վեպը պատմություն է ներկայիս Վաշինգտոնում ապրող կիսաքանդ ընտանիքի մասին: Ջեյքոբն ու Ջուլիան իրենց 3 որդիների հետ, ստիպված են հաղթահարել իրենց միջև առաջացած հեռավորությունը: Հիմքում օջախի գաղափարն է, որը կարմիր թելի պես անցնում է: Տեքստի ռիթմային հնարքները, էմոցիոնալ պոռթկումներն ու զվարճալի ցինիկությունը, որ հատուկ էին Ֆոերի նախորդ գրքերում, այստեղ չկան։ «Այստեղ եմ» վեպն ապշեցնում է Ֆոերի գրական տաղանդով և նրան դարձնում ժամանակի ամենաազդեցիկ գրողներից մեկը:

Ի՞նչ կլինի հերոսների հետ։ Ինչպես նրանք կվերապրեն ապահարզանը, ի՞նչ կլինի երեխաների, ծերանոցում լքված պապու և տանը միայնակ մնացած շան հետ։

Անմահները

Ի՞նչ կանեք եթե իմանաք ձեր մահվան օրը: 1969-ին Նյու Յորքում ծեր գնչուհին գուշակում էր մարդկանց մահվան հստակ օրը: «Անմահները» վեպը տեղափոխում է ընթերցողին 80-ականների Սան-Ֆրանցիսկո, որտեղ վեպի հերոսը` Գոլդեն ազգանունով քառյակն է` երկու քույր, երկու եղբայր: Իսկ ի՞նչ անել, եթե գիտես մահվանդ օրը: Շարունակել ապրել ասես ոչինչ էլ չի եղել, թե փորձել կանգնեցնել ժամանակը: Գոլդեն ընտանիքի երեխաները հայտնվել են անմահության և իրականության, ապագայի ու ներկայի մեջտեղում: Հե՞տ շրջել ժամացույցի սլաքները, թե՞ հակառակը` առաջ տալ:

Անտառի մարդիկ

Rated 4.00 out of 5

1950-ին Նորթըն Փերինա անունով երիտասարդ բժիշկն ու նրա օգնական Փոլ Թալենթը մեկնում են Միկրոնեզիայի Իվու-Իվու կղզի՝ հին տեղաբնակների տոհմը գտնելու նպատակով: Նրանք ոչ միայն գտնում են հին տեղաբնակներին այլև բացահայտում են, որ անտառում ապրող ցեղի բնակիչներն անսովոր երկար են ապրում: Փերինան փորձում է բացահայտել երկարակեցության պատճառն ու  պարզում է, որ գաղտնիքը հնադարյան կրիայի մսի մեջ է: Նա սպանում է կրիաներին, դրանց միսը հետազոտությունների համար օգտագործելու նպատակով: Փերինան գիտականորեն ապացուցում է իր թեզը, որն էլ նրան մեծ ճանաչում է բերում մինչև Նոբելյան մրցանակ: Նա գիտակցում է, որ իր բացահայտումով վտանգի տակ է դրել կղզու բնակիչների կյանքը: Սակայն զղջումի զգացումը ոչինչ չի փոխում, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Ավելին, կղզում կատարվածը նրան հետապնդում է ամբողջ կյանքի ընթացքում։

Յանիգահարայի վեպը գիտական ֆանտաստիկա ժանրի սիրահարների համար է: Գիտական հետազոտություններից մինչև 10-ամյա տղայի բռնաբարություն: Գրքում կրիաների մսով կերակրում են առնետներին, Նոբելյան դափնեկրին սովորական հանցագործի պես բանտ նետում, իսկ երկարակեցության մոլուցքով տառապողները հիմնահատակ ավերում են դրախտային կղզին:  

Աշխարհից մի կտոր

Rated 5.00 out of 5

Բեյքր Քլայնի «Աշխարհից մի կտոր» գիրքը՝ ընկերության, սիրո և արվեստի մասին է՝ ոգեշնչվելով Էնդրյու Ուայեթի հայտնի «Քրիստինայի աշխարհը» կտավից:

Քրիստինա Օլսոնի համար աշխարհը սկսվում է Քուշինգ գյուղի իրենց ֆերմայից ու հենց այդտեղ էլ վերջանում: Վաղ տարիքում հիվանդությունը խլեց աղջկա քայլելու ունակությունը՝ նրան դարձնելով հաշմանդամ: Քրիստինան հրաժարվեց անվասայլակից. չէր ուզում ուրիշի խնամակալության տակ լիներ: Երբ աղջկա ոտքերը ամբողջովին անզգայացան, տեղաշարժվելու միակ տարբերակը հատակին սողալն էր: Մի օր նկարիչ Էնդրյու Ուայեթը պատուհանից տեսնում է դաշտում սողացող աղջկա: Այստեղ ծնվում է 20-րդ դարի հայտնի ամերիկյան կտավը: Քրիստինայի հետ Ուայեթն ընկերանում է և ամեն անգամ ոգեշնչվելով նոր կտավներ նկարում: 

Փորփրելով ամերիկյան պատմությունը, Քլայնը կենդանացրեց կտավում պատկերված աղջկան՝ ներկայացնելով նրա միայնակ կյանքն ու բարդացած հարաբերությունները ընտանիքի հետ: «Աշխարհից մի կտոր» գիրքը պատմում է մի կտոր այն մասին, թե ինչպես արվեստն ու ոգեշնչումը միասին կարող են արժեքավոր ժառանգություն ստեղծել:

Բալզակ. մի շան պատմություն

Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:

Բյուրեղապակե մարդը

Rated 5.00 out of 5

Ժամանակակից հայ արձակի ու հատկապես դրամատուրգիայի ասպարեզում ամենաինքնատիպ երիտասարդ դեմքերից մեկի՝ Yerevan Book Fest-ի մրցանակակիր Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթները նախատեսված են 7-107 տարեկանների համար: «Բյուրեղապակե մարդը» գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթներն   աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարևորումով,  ժանրային զարգացման նոր աստիճանով: Գրքում ընդգրկված են 10 տարբեր շրջանների հեքիաթներ, որոնք նման չեն իրար: